Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:
Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:
Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:
Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:
Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից: Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»: