Համաշխարհային պատմության մեջ III-V դդ. մեծ և հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին: Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին: Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել:
Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե' տնտեսության և թե' կրոնի ու պետական կառուցվածքի մեջ: Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ): Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին: Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը: Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը:
Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները: Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն: ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ: Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր: Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել: Որպես պատասխան, Հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ:
Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց: