Տրդատ Գ Մեծի օրոք թագավորը, նախարարները և եկեղեցին համերաշխ էին: Նրա մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով Բ-ն (330-ՅՅՑթթ.), որն իր կարճահասակության պատճառով կոչվել է Կոտակ: Նրա օրոք Հայոց արքունիքը որոշում է իր վերահսկողության տակ առնել մայրաքաղաքից դեպի թագավորության սահմանները ձգվող մայրուղիները և դրանով իսկ ամրապնդել կենտրոնաձիգ իշխանությունը: Արքունիքը կարողացավ մայրուղիների վրա գտևվող նախարարություններն իրար դեմ դուրս բերել, եթե անգամ նրանք սահմանակից չէին: Դա նրանց ստիպում էր միմյանց դեմ պայքարել արքունական տիրույթների վրայով, ինչն արքունիքը առիթ դարձնելով՝ այդ տոհմերին բնաջնջում էր: Ոչնչացվեցին Օրդունիների և Մանավազյանների ընտանիքները: Նրանց տիրույթները մասամբ հարքունիս գրավվեցին, մասամբ հանձնվեցին եկեղեցուն: Խոսրով Բ-ն, հանդես բերելով ուժեղ կամք, խստությամբ գերազանցեց իր նախորդներին և շարունակեց թագավորական իշխանության ամրապնդման և հզորացման հոր քաղաքականությունը:
Խոսրով Կոտակը ծավալեց շինարարական լայն գործունեություն: Քանի որ Երասխի ջրերը Արտաշատից հեռացել էին՝ առաջացնելով ճահճուտներ և հիվանդածին կլիմա, նա Արտաշատից ոչ հեռու, Դվին կոչվող բլրի վրա, կառուցեց Դվին անունով մի նոր քաղաք: Քաղաքում կառուցվեց արքունի ապարանք:
Թագավորի մեծագործություններից մեկն էլ եղավ Դվինի շուրջ երկու արհեստական անտառների տնկումը: Նրա հրամանով Գառնու ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկվեցին: Երկրորդ անտառը տարածվում էր մինչև Երասխի ափերը և թագավորի անունով կոչվեց Խոսրովակերտ: Այն պահպանվում է մինչև օրս, վերածված է պետական արգելոցի և ներկայումս կոչվում է Խոսրովի անտառ: Թագավորի հրամանով այդ անտառներում որսի տարբեր կենդանիներ բաց թողնվեցին, և դրանք դարձան ոչ միայն արքունի որսատեղի, այլև զինավարժության վայր:
Խոսրովի գահակալության սկզբում Հայոց թագավորության անդորրը խախտեցին մազքթական ցեղերը: Նրանց Սանեսան թագավորի հրամանով սպանվեց մազքաթների մեջ քրիստոնեություն տարածող Գրիգորիս եպիսկոպոսը: Իսկ իրենք, անցնելով Կուրը, հասան Այրարատ և անգամ կարճ ժամանակով գրավեցին Վաղարշապատը: Հայոց բանակը, անցնելով հակահարձակման, ոչ միայն ազատագրեց Վաղարշապատը, այլև Օշականի ճակատամարտում ջախջախեց մազքթաց բանակը: Ճակատամարտում սպանվեց Սանեսան թագավորը:
IV դ. 30-ական թթ. կրկին սրվեցին պարսկա-հռոմեական հարաբերությունները: Պարսից Շապուհ Բ Երկարակյաց թագավորը (309-379), չհամբերելով, որ լրանա Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագրի ժամկետը, 337թ. պատերազմ սկսեց Հռոմի և Մեծ Հայքի թագավորության դեմ: Նա սկզբում պաշարեց Մծբինը և ապա ներխուժեց Մեծ Հայքի թագավորություն: Բզնունյաց նախարար Դատաբենը մեծ բանակով ուղարկվեց թշնամուն ընդառաջ՝ կասեցնելու նրա առաջխաղացումը: Սակայն նա անցավ թշնամու կողմը: Դավաճանեց նաև Աղձնյաց բդեշխ Բակուրը, որի տիրույթներում էր գտնվում Տիգրանակերտը: Օգտվելով դրանից՝ թշնամին թափանցեց երկրի կենտրոնական շրջաններ: Սակայն, հայկական բանակը Վանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում փառահեղ հաղթանակ տարավ պարսից զորքի դեմ: Գերի ընկած Դատաբեն Բզնունին, համաձայն հինավուրց սովորության, քարկոծվելով սպանվեց: Նրա տոհմը բնաջինջ արվեց: Նույն ճակատագրին արժանացան Աղձնիքի բդեշխ Բակուրը և նրա ընտանիքը: Հիշյալ իշխանների տիրույթները հիմնականում հարքունիս գրավվեցին, իսկ մնացած մասը հանձնվեց եկեղեցուն: