Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (339-350): Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:
Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատության վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավորին և նրա շրջապատին դուր չէին գալիս եկեղեցու թե' հզորանալը և թե' արքունիքին հակադրվելու փորձերը: Հավասարակշռություն ստեղծելու նպատակով թագավորը չխոչընդոտեց հեթանոսության աշխուժացումը՝ առաջ բերելով կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը: Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրացող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և նպատակ ուներ հեթանոսության աշխուժացման միջոցով եկեղեցու դիրքերը թուլացնել, այդ ըմբոստությունից կատաղած կարգադրեց Հուսիկին բրածեծ անել: Շատ չանցած Հուսիկը մահացավ: Կաթողիկոսության պաշտոնը խլվեց Լուսավորչի տոհմից, և նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային:
Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հակառակ իր կամքին, Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ և Շապուհ Բ-ի հրամանով կուրացվեց: Սակայն Շապուհ Բ-ն՝ պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունից ազատել Տիրանին: Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ Բ-ն: