Նվարսակի հաշտության կնքումից հետո Արևելյան Հայաստանը խաղաղ զարգացման հնարավորություն ստացավ: Մայրաքաղաք Դվինում և երկրի այլ քաղաքներում բարգավաճեցին արհեստներն ու առևտուրը: Սակայն մեծ ջանքերի գնով կիսանկախ վիճակ ձեռք բերած երկիրը՝ տանուտիրական Հայաստանը, շատ չանցած ենթարկվեց նոր փորձությունների: Այն հարկադրված էր մշտական պայքար մղելու իր ներքին ինքնուրույնությունը պահպանելու համար: Անհրաժեշտության դեպքում հայերը պարսկական տիրապետության դեմ դիմում էին զինված պայքարի: Այսպես, V դ. վերջերին, երբ պարսիկները փորձեցին խախտել Նվարսակի հաշտության պայմանները, հայերը կրկին ապստամբեցին: Տանուտիրական Հայաստանն օգտվեց Պարսկաստանում ստեղծված բարդ իրադրությունից և հրաժարվեց ճանաչել Սասանյանների տիրապետությունը: Հայերն ավերեցին Հայաստանում եղած ատրուշանները և կոտորեցին մոգերին: Պարսից արքայի ուղարկած զորքերը խայտառակ պարտություն կրեցին:
Չնայած հայերի մեծ հույսերին, Բյուզանդիան դարձյալ հրաժարվեց օգնել նրանց, և ապստամբությունը պարտվեց: Հայերի ապստամբական նոր ելույթները, այնուամենայնիվ, անհետևանք չանցան: VI դ. սկզբին պարսից արքայի հատուկ հրովարտակով Հայոց եկեղեցին պաշտոնապես անկախ ու ինքնուրույն ճանաչվեց: