Հայաստանը ուշ միջնադարումՀայաստանի առաջին բաժանումը Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջևՔաղաքական դրությունը Մերձավոր Արևելքում XVI դ.

Քաղաքական դրությունը Մերձավոր Արևելքում XVI դ.

XV դ. վերջում և XVI դ. սկզբում քաղաքական ասպարեզում հայտնվեցին նոր ուժեր։ Դրանցից մեկը Սեֆյան Պարսկաստանն էր, իսկ մյուսը՝ Օսմանյան Թուրքիան։

XV դ. վերջում Ուզուն-Հասան սուլթանի մահից հետո նրա որդիների միջև արյունալի գահակալական պայքար սկսվեց։ Ակ-կոյունլուների պետությունը խիստ թուլացավ, որից օգտվեցին Ատրպատականի Արդաբիլ քաղաքում ու շրջակա տարածքում իշխող Սեֆյանները։

Սեֆյանների հենարանը թուրք-ղըզլբաշական (կարմրագդակների) յոթ քոչվոր ցեղերն էին։ Սրանք պայքար սկսեցին ակ-կոյունլուների դեմ՝ հենվելով պարսիկների օժանդակության վրա։ Սեֆյանների առաջնորդ Իսմայիլին հաջողվեց Շարոտի դաշտի վճռական ճակատամարտում 1502թ. փայլուն հաղթանակ տանել ակ-կոյունլուների դեմ։ Իսմայիլը Թավրիզում իրեն հռչակեց պարսից շահ։ Այս նոր պետության մեջ մտան Պարսկաստանը, Սիջագետքը, Ատրպատականը, Հայաստանն ու Վրաստանը։

Դեռևս XIII դ. վերջում Փոքր Ասիայում ձևավորվել էր Օսմանյան Թուրքիան, որը հիմնել էր Միջին Ասիայից եկած և Փոքր Ասիայում հաստատված թուրքական մի ցեղախումբ։ Նրանց առաջնորդներից Օսմանը, օգտվելով քաղաքական նպաստավոր պայմաններից, 1299թ. իրեն անկախ հայտարարեց և հիմք դրեց Օսմանյան պետությանը։ Ավելի ուշ նրա հետևորդները նվաճեցին Բալկանյան թերակղզու մեծ մասը, ապա Փոքր Ասիան։

1453թ. թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը և վերջ տվեցին Բյուգանդական կայսրության գոյությանը։ Նրանք շուտով տեր դարձան կայսրության բոլոր տարածքներին, այդ թվում Սև ու Միջերկրական ծովերի նավահանգստային բոլոր խոշոր քաղաքներին։ Ուժեղ դիմադրության հանդիպելով Եվրոպայում՝ օսմանցիներն իրենց հարվածն ուղղեցին դեպի Արևելք՝ նվաճելու Հայաստանը, Սիրիան և Միջագետքը։ Սեֆյան Պարսկաստանի հետ բախումը դարձավ անխուսափելի։

Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1514թ. սկսեց իր արշավանքը Սեֆյան պետության դեմ։ Նրա զորքն անցավ Եփրատ գետը և շարժվեց Հայաստանի խորքերը։ Շահ Իսմայիլը խուսափում էր վճռական ճակատամարտից։ Թուրքերն ուղղակի ստիպեցին պարսիկներին 1514թ. Ուրմիո լճից ոչ հեռու, Չալդրան կոչվող վայրում, ճակատամարտ տալ։ Թուրքերի հաղթանակը կատարյալ էր։ Շահ Իսմայիլը փախավ Պարսկաստան։ Թուրքերը տեր դարձան Հայաստանի մեծ մասին, իսկ շուտով՝ նաև Սիրիային, Միջագետքին և Եգիպտոսին։ Հայաստանի արևելյան գավառները մնացին Սեֆյանների պետության կազմում։

Հետագայում պատերազմն ընթանում էր փոփոխակի հաջողությամբ, հիմնականում Հայաստանի տարածքում։ Կռիվներից մեծապես տուժեց հայ ժողովուրդը։ Ավերվում էին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, քայքայվում էր տնտեսությունը, գերվում էր հայ բնակչությունը։ Օգտվելով ստեղծված վիճակից՝ Հայաստան թափանցեցին քրդական նոր ցեղեր, որոնք բնակվեցին բերրի ու արոտավայրերով հարուստ տարածքներում։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ