Ղրիմը հայերին ծանոթ է հին ժամանակներից։ Սակայն այնտեղ մշտական հայ բնակչություն է հաստատվում IX դ. սկսած։ Հետագայում, հատկապես XIV դ., մոնղոլներից հալածվող հայ բնակչությունը գաղթում է Ղրիմ։
Լեհաստանին պատկանող ուկրաինական տարածքներում հայերը հաստատվել էին դեռևս XI–XII դդ.։ Այստեղ, սակայն, հայ համայնքները ձևավորվում են XIII-XIV դդ.։ Հայերը Կիևից և Արևելյան Ուկրաինայից գաղթում են դեպի արևմուտք։
Բուլղարիայում և Բալկաններում հայ համայնքներ առաջացել են հնագույն ժամանակներից։ Արաբական ծանր տիրապետության շրջանում հայերը զանգվածաբար դիմում էին արտագաղթի։
Ներկայիս Ռումինիայի մեջ մտնող Մոլդովայում, Վալախիայում և այլ երկրամասերում հայաշատ գաղութներ առաջացան XIV դ.։ Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է XV և հաջորդ դարերում։
Իտալիայում հայկական համայնքներ առաջանում են XIII-XV դդ.։ Հայերի հոսքը Իտալիա կատարվել է հատկապես Կիլիկիայից և Ղրիմից։
Հայերը Հոլանդիայում կամ Նիդերլանդներում հաստատվել են XIV-XV դդ.։ Հայ վաճառականները հաստատվում էին հատկապես Ամստերդամում, որը համաշխարհային առևտրի և մշակույթի ճանաչված կենտրոն էր։
Հայերը Ռուսաստանում հաստատվում են համեմատաբար ավելի ուշ։ Հայկական փոքր համայնք գոյություն ուներ Մոսկվայում XIV-XV դդ., որն ավելի աճեց XVI-XVII դդ.։