Աշխարհի տարբեր երկրներում առաջացած հայկական գաղութների պատմությունը հայ ժողովրդի ամբողջական պատմության անբաժանելի մասն է կազմում։ Հայկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն ու բարքերը, հայկական մշակույթը։
Հայ ժողովուրդը դեռևս հին դարերից կրել է արտագաղթերի ծանրությունը։ Հատկապես միջնադարում Հայաստանը, ինչպես հայտնի է, պարբերաբար ենթարկվել է ավերիչ արշավանքների և հաճախ ընկել օտարի ծանր տիրապետության տակ։ Եվ, չդիմանալով դաժան հալածանքներին, երկրի բնակչության մի մասը հարկադրված դիմել է արտագաղթի։ Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։
Գաղութ կամ գաղթօջախ ձևավորվում է այն պարագայում, երբ գաղթողներն օտար երկրում ապրում են համախմբված, ստեղծում են իրենց համայնքը։ Նրանք սովորաբար պահպանում են մայրենի լեզուն, հայրենի դավանանքը, ազգային ավանդույթներն ու դիմագիծը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր։