Պարսկաստանում հայ բնակչություն է հաստատվել հնագույն ժամանակներից։ Սակայն հայությունը այստեղ մեծաքանակ դարձավ 1604–1605թթ. Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի հետևանքով։ Պարսից շահը, ինչպես հայտնի է, ավելի բան 300 հազար հայերի Հայաստանից տեղափոխեց Պարսկաստան։ Սակայն նրանց մեծ մասը ոչնչացավ սովից, ցրտից և համաճարակներից։ Կենդանի մնացածները հաստատվեցին Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում։ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը։ Շահը ձգտում էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել երկիրը։
Նորաբնակները մի շարք արտոնություններ ստացան։ Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը։ Դատական գործերը վարում էր քաղաքագլխի տեղակալը։ Հայերն օգտվում էին նաև դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր։ Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ Ջուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը և հանդես էին գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդներ։ Միջերկրական ծովով նրանք կապվում էին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, իտալական քաղաքների հետ։ Ջուղայի վաճառականները ստեղծում են իրենց առևտրական ընկերությունները։ Այդ ընկերությունները առևտրական պայմանագրեր են կնքում անգամ օտար պետությունների հետ։ Ջուղայի հայ առևտրական ընկերությունը 1667թ. պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը ազատ առևտրի իրավունք է ստանում Ռուսաստանի և Ռուսաստանի տարածքով՝ եվրոպական երկրների հետ։
Նոր Ջուղայում և Պարսկաստանի մյուս գաղթօջախներում զարգացած էր արհեստագործությունը։ Արհեստներից առաջադիմել էին հատկապես ոսկերչությունը, գորգագործությունը, կերպասագործությունը, ներկարարությունը։
Նոր Ջուղայում պահպանվել են հայկական մշակույթի լավագույն ավանդույթները։ Այնտեղ բացվել են լայն գիտելիքներ տվող դպրոցներ։ Քաղաքի Ամենափրկիչ վանքում հիմնվել է մատենադարան, ուր հավաքվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծ զարգացում են ապրել մանրանկարչությունը, որմնանկարչությունը։ Նոր Ջուղան դարձել էր իր ժամանակի հայ մշակույթի կարևոր կենտրոն։