XV-XVII դդ. Հայաստանում օտար նվաճողների մղած պատերազմները և նրանց երկարատև տիրապետության հաստատումն ահավոր հարված հասցրին հայկական մշակույթին։ Նախորդ դարերի մշակութային աշխույժ կյանքը գրեթե ամենուրեք անկում ապրեց, դադարեցին գործելուց բազմաթիվ դպրոցներ։ XV դ. սկզբին շարունակում էր գործել լոկ Տաթևի համալսարանը, որը ղեկավարում էր խոշոր աստվածաբան, փիլիսոփա և ազգային–եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին։ Տաթևի համալսարանն ուներ իր ժամանակի համար մեծաքանակ ուսանողներ, որոնք սովորում էին տարբեր լեզուներ, համարողական արվեստ (թվաբանություն), երաժշտություն և այլն։ Ուսանողները գրում էին ավարտաճառեր և ստանում վարդապետական աստիճան։ Լենկթեմուրի արշավանքների շրջանում Գրիգոր Տաթևացին ստիպված էր իր աշակերտներով տեղից տեղ փոխադրվել՝ ուսուցումը չընդհատելու և առավել ապահով վայրերում այն շարունակելու համար։ XV դ. գործում էր Ղրիմի հայոց Անտոնի վանքի դպրոցը, որի սաները սովորում էին ոչ միայն աստվածաբանություն և քերականություն, այլև տոմարագիտություն, աստղաբաշխություն, թվաբանություն և այլն։ 1620-ական թթ. հիմնադրվում է Հովհանավանքի դպրոցը, որը հետո տեղափոխվում է Էջմիածին։
XVII դ. 30-ական թթ. հիմնադրվում է Նոր Ջուղայի դպրոցը։ Դպրոցի ուսուցիչ Կոստանդ Ջուղայեցին կազմել է թվաբանության դասագիրք՝ վաճառականության համար կարևոր հաշվապահական խրատներով։ Դասավանդում էին տոմարագիտություն, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ և այլն։ XVII դ. սկզբից Բաղեշում իր գործունեությունն է սկսում Ամրդոլու վանքի նշանավոր դպրոցը, Սյունիքում նույն դարի առաջին քառորդին՝ Սյունյանց Մեծ անապատի դպրոցը։ Այդ դպրոցների շրջանավարտներն իրենց հերթին շրջագայում էին Հայաստանի տարբեր գավառներում և դպրոցներ բացում։ Դպրոցներին կից եղել են մատենադարաններ։ Շատ դպրոցներ դարձել են գրչության նշանավոր կենտրոններ, որտեղ արտագրվել և բազմացվել են ձեռագրեր։