XVII դարի երկրորդ կեսին հայկական մշակութային օջախները շարունակում էին հայոց ազգային ավանդույթները: Միաժամանակ նրանք առավել սերտորեն էին առնչվում եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ, որը բարերար ազդեցություն էր գործում հայ մշակույթի հարստացման վրա:
Հայ ժողովրդի մշակութային առաջընթացի ու քաղաքակրթական վերելքի գրավականը եղել է կրթությունը: XVII-XVIII դարերում, չնայած ծանր իրավիճակին, Հայաստանում ոչ միայն փորձել են շարունակել նախորդ դարաշրջանների կրթական ավանդույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորություններ: Հայաստանի բուն տարածքից դուրս հայկական համայնքներում ևս աշխուժացավ կրթական գործը, որ պայմանավորված էր նաև նրանց ստվարացմամբ:
XVII դարի սկզբներին Սյունյաց աշխարհում հաստատվել էր Հարանց անապատի դպրոցը, որը դարձավ ուսումնական նշանավոր կենտրոն, և որով սկիզբ առավ Արևելյան Հայաստանի կրթական ու մշակութային առջընթացը: Ստեղծվում են նոր դպրոցներ Սևանում, Շամքորում և այլ վայրերում:
Մովսես Տաթևացին հիմնադրում է Հովհաննավանքի դպրոցը: 1635-1637թթ. այդ դպրոցը փոխադրվում է Էջմիածին, սակայն Հովհանավանքում ևս ուսուցումը չի դադարում, այնտեղ դեռևս ուսանում էին շատ ուսանողներ:
XVII դարում գիտակրթական աշխույժ գործունեություն է ծավալում Բաղեշի Ամիրդոլու վանքի դպրոցը, որտեղ հավաքվում և արտագրվում են նաև մեծարժեք շատ ձեռագրեր:
XVII դարի դպրոցական կյանքի կարևոր կենտրոն էր նաև Նոր Ջուղան: Այնտեղ Խաչատուր Կեսարացու ջանքերով հիմնվում է դպրոց, որն ավելի քան հիսուն տարի կարևոր դերակատարում է ունենում: Աշակերտներին առևտրական ասպարեզին նախապատրաստելու նպատակով դպրոցում դասավանդվում էին նաև տոմարագիտություն, թվաբանական առարկաներ, չափերի ու կշիռների մասին գիտելիքներ: Իր գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ: Այս դպրոցի շրջանավարտներից էին Ոսկան Երևանցին, մի շարք կաթողիկոսներ և ուրիշ շատ անվանի գործիչներ: Ինչպես բոլոր դպրոցները, այս դպրոցը ևս եղել է գրչության կարևոր կենտրոն, ունեցել իր մատենադարանը: