Հայերեն գրքերի տպագրության սկզբնավորումը նոր փուլ նախանշեց և անգնահատելի դեր ունեցավ XVII-XVIII դարերի հայկական մշակույթի զարգացման բնագավառում: XVII դարի երկրորդ կեսին առավել նշանավոր էր Ամստերդամում հիմնադրված տպարանը:
Ամստերդամի հայոց տպարանը առավել լիարժեք է սկսում գործել 1664թ. այնտեղ ժամանած Ոսկան Երևանցու և Կարապետ Անդրիանցու համատեղ ջանքերի շնորհիվ: Աստվածաշնչի ամբողջական նկարազարդ ու հատուկ խնամքով իրականացված տպագրությունը հայ տպագրության խոշոր նվաճումն էր: Ամստերդամի հայկական տպարանում տպագրվում է ևս 11 անուն գիրք:
Ոսկան Երևանցին տպարանը փոխադրում է Լիվոռնո, որտեղ երեք գիրք հրատարակելուց հետո, փոխադրվում է Մարսել և այնտեղ մինչև 1680-ական թվականների վերջերը հրատարակում 16 անուն գիրք: Մարսելում Ոսկան Երևանցին 1673թ. սկսում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի տպագրությունը, որը, սակայն, մնում է անավարտ:
Ամստերդամի հայոց տպարանը կարևոր դեր խաղաց հայ տպագրության պատմության մեջ: Ոսկան Երևանցին ունեցավ նաև աշակերտներ, որոնք նույն ոգով նվիրվեցին տպագրության միջոցով լուսավորության տարածման գործին:
XVII-XVIII դդ. հայկական գրահրատարակչությունը մեծ առաջադիմություն է արձանագրում Կ.Պոլսում: 1677թ. այստեղ տպարան է հիմնադրում Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը: Հայ տպագրության պատմության մեջ մեծ ավանդ ունի Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին, որն իր հիմնադրած տպարանում 1699 թվականից սկսած մոտ 50 տարի հրատարակել է ավելի քան ութսուն անուն գիրք: Այս տպարանում առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հռչակավոր երկը:
XVIII դարը հայ տպագրության համար դարձավ ծաղկման շրջան: Հայերեն գրքեր էին տպագրվում Կ.Պոլսում, Հռոմում, Վենետիկում, Տրիեստում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Աստրախանում, Մադրասում, Կալկաթայում, Էջմիածնում, որոնք միաժամանակ վերածվել էին հայ մշակույթի նշանավոր կենտրոնների:
Հայ տպագրության մեջ վիթխարի նվաճում էր Էջմիածնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի (1763-1780) նախաձեռնությամբ տպարանի ստեղծումը (1771): Սիմեոն Երևանցին նախաձեռնում և 1776թ. իրականացնում է նաև Էջմիածնում թղթի արտադրության գործարան կառուցելու գործը:
1512-1800թթ. հայ գրատպությունը մեծ առաջընթաց ունեցավ, լույս տեսավ հոգևոր ու աշխարհիկ բովանդակությամբ ավելի քան հազար անուն աշխատություն:
Հնդկաստանի աշխույժ հասարակական կյանքը առաջադրեց նաև պարբերական ունենալու անհրաժեշտություն: 1794-1796թթ. Մադրասում Հարություն Շմավոնյանի նախաձեռնությամբ և հենց իր տպարանում լույս ընծայվեց հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»: