Հայ ժողովուրդը ոտք դրեց XIX դար՝ զրկված լինելով ազատ ու անկախ ապրելու հնարավորությունից: Մեր երկիրը շարունակում էր գտնվել շահական Պարսկաստանի և սուլթանական Թուրքիայի տիրապետության տակ:
Արևելյան Հայաստանի հիմնական մասը ընդգրկված Էր Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի խանությունների մեջ, իսկ հյուսիսային որոշ շրջաններ ընդգրկված էին Վրացական թագավորության կազմում: Երևանի խանությունը, որպես խոշոր և սահմանային վարչական միավոր, անվանվում էր նաև սարդարություն (կուսակալություն), իսկ նրա խանը՝ սարդար: Խանությունը բաժանված էր 15 շրջանների (մահալների)՝ Զանգիբասարի, Սուրմալուի, Սարդարապատի, Թալինի, Ապարանի և այլն: Խանության գլուխ կանգնած էր շահի կողմից նշանակված խանը: Մահալները կառավարում էին խանի կողմից նշանակված միրբոլուքները, իսկ գյուղերը՝ գյուղապետերը: Քաղաքների կառավարիչները կոչվում էին քալանթարներ:
Արևմտյան Հայաստանի հիմնական մասն ընդգրկված էր Կարսի, Ախալցխայի, Էրզրումի, Վանի, Դիարբեքիրի, Սեբաստիայի փաշայություններում (վիլայեթներում): Փաշայությունները բաժանվում էին գավառների (սանջակների), իսկ վերջիններս՝ գյուղերի:
Օսմանյան Թուրքիան և շահական Պարսկաստանը ավատատիրական հետամնաց երկրներ էին: Ներքին խժդժությունները, կամայականություններն ու բռնությունները այդ պետությունների անբաժան ուղեկիցներն էին: Ինչպես սուլթանն ու շահը ամբողջ երկրում, այնպես էլ փաշաներն ու խաները իրենց վարչական տարածքներում միահեծան իշխողներ էին:
Թուրքիայում և Պարսկաստանում տնտեսությունը գտնվում էր հետամնաց վիճակում: Տնտեսության հիմնական ճյուղը՝ գյուղատնտեսությունը, խիստ ցածր մակարդակի վրա էր:
Ծանր էր գյուղացիության դրությունը: Աշխատավոր զանգվածների շահագործումը կատարվում էր գլխավորապես հարկահանությամբ: Հարկերը գանձվում էին հողից, ջրից, արոտավայրերից օգտվելու համար: Տասնհինգ տարեկանից բարձր յուրաքանչյուր տղամարդ տալիս էր գլխահարկ, ամեն մի ընտանիք՝ ծխահարկ: Բազմաթիվ հարկեր էին վճարում նաև արհեստավորներն ու առևտրականները: Գյուղացիները դրանք վճարում էին բնամթերքով, իսկ առևտրա-արհեստավորական դասը՝ դրամով: Գյուղացիները կալվածատիրոջ համար կատարում էին նաև կոռ ու բեգար: Նրանք պարտավոր էին վար ու ցանք անել տիրոջ համար, մասնակցել նրա տների, բերդերի, պարիսպների կառուցմանը, ճանապարհների և առուների շինարարությանը և այլն: «Երևանի խանության գյուղացիները,- գրում է Խաչատուր Աբովյանը,- կոռ ու բեգարի տակ չորացել, չոփ էին դարձել»:
Պարսիկ խաների, հատկապես թուրք փաշաների տիրապետության տակ ուրիշ ժողովուրդների շարքում ծանր իրավական պայմաններում էր գտնվում նաև հայ ժողովուրդը: Նա զուրկ էր կյանքի ու գույքի ապահովությունից, երկրի քաղաքացու տարրական իրավունքներից: Հայ ժողովուրդը համարվում էր ռայա, այսինքն՝ հպատակ, իրավազուրկ շերտ: Տնտեսական հարստահարություններից բացի, նա ենթարկվում էր նաև ազգային, կրոնական հալածանքների: Նրա վկայությունը չէր անցնում դատարանում, նա իրավունք չուներ ձի հեծնել, զենք կրել, մահմեդականի առաջ պարտավոր էր գլուխ խոնարհել, հագուստով տարբերվել նրանից: Իր ազգային ծագման ու դավանանքի համար նա վճարում էր հատուկ հարկեր, որոնցից գլխավորը կոչվում էր խարաջ: Հայ ժողովուրդը կրում էր բարոյահոգեբանական ծանր հարվածներ, վիրավորում էին նրա ազգային արժանապատվությունն ու նվիրական զգացումները:
Այդ ամենը պայմաններ էր ստեղծում և խթանում թուրքական և պարսկական դաժան լուծը թոթափելու ձգտումը: