Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ ռուսական կառավարությանը զբաղեցնում էր այն հարցը, թե խանական իշխանության փոխարեն ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում: Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվում էր այդ խնդրով: Մյուս կողմից՝ այդ հիմնահարցը գտնվում էր Հայաստանի կարգավիճակով մտահոգ հայ ազգային գործիչների ուշադրության կենտրոնում: Հենց այդ շրջանում մի խումբ հայրենասերներ Լազարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում: Նախագծի համաձայն՝ Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն, որն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը: Բնակիչների իրավունքներն ու պարտականությունները սահմանվելու էին կայուն օրենքներով: Ստեղծվելու էր հայկական սահմանապահ զորք: Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները: Առաջարկվում էր վերացնել ճորտատիրության մնացորդները և այլն: Հայ հայրենասերների այդ նախագիծը մերժվեց կառավարության կողմից:
Ստեղծված պայմաններում ցարական կառավարությունը ստիպված էր հրաժարվել իր նախագծերից և բռնել փոխզիջման ուղին: Նիկոլայ I թագավորի 1828թ. մարտի հրամանով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով: Այն կառավարում էր մարզային վարչությունը՝ պետի գլխավորությամբ: Վարչության կազմի մեջ մտնում էին երկու ռուս զինվորական, տեղի քրիստոնյա և մահմեդական ազգաբնակչությունից մեկական ներկայացուցիչ: Մարզի մեջ մտնում էին Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի օկրուգը: Հայկական մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ Ա. Ճավճավաձեն, որին 1830-1838 թթ. փոխարինում է իշխան Վ. Բեհբութովը:
Հայկական մարզը բաժանվում էր գավառների, որոնք իրենց հերթին բաժանվում էին շրջանների: Գավառներում հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ: Մարզի վարչական կառուցվածքում 1833թ. փոփոխություններ են մտցվում: Վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին: Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն: