Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո բնական է, որ ցարական կառավարությունը պետք է անդրադառնար հայկական եկեղեցու գործունեությանը և այն ծառայեցներ պետության շահերին: Հայկական մարզում փոփոխություններ կատարելուն զուգահեռ նա ձեռնամուխ եղավ վերակառուցելու նաև հայ եկեղեցու կառավարչությունը: Մանավանդ հայտնի էր, որ վաղ միջնադարից սկսած՝ եկեղեցին ակտիվորեն մասնակցում էր երկրի ներքին և արտաքին գործերին: Հատկապես սեփական պետության բացակայության պայմաններում մեծ էր հոգևորականության ազդեցությունը երկրի կյանքում: Պարսկական շահը և թուրքական սուլթանը հայ ժողովրդին վերաբերող խնդիրները մեծ մասամբ իրականացնում էին հոգևոր իշխանությունների միջոցով:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո ցարական կառավարությունը թույլ չէր տա, որ հայ եկեղեցու պետերը խառնվեն պետության գործերին: Ավելին, ցարիզմը ցանկանում էր հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար:
Ահա թե ինչու եկեղեցին բարեփոխելու նպատակով տակավին 1833թ. ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ: Ցարական պաշտոնյաները ելնում էին մի կողմից տեղական պահանջները, մյուս կողմից՝ պետության ընդհանուր շահերը հաշվի առնելու սկզբունքից: 1836թ. մարտի 11-ին ընդունվում է մշակված կանոնադրությունը (պոլոժենիե): Այս կանոնադրությամբ սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները: Ռուսաստանում բնակվող հայկական շրջանները բաժանվում են հոգևոր թեմերի (վիճակների): Կազմվում է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի: Յուրաքանչյուր թեմ ուներ իր առաջնորդը, վանքերն ու եկեղեցիները, դպրոցները, շարժական ու անշարժ գույքը և այլն:
1836թ. կանոնադրությունը հոգևորականությանը արգելում էր խառնվել պետության գործերին: Կառավարության հսկողությամբ պահպանվում էին Էջմիածնի կաթողիկոսի իրավունքները Ռուսաստանի և արտասահմանի հայության նկատմամբ: Հայկական դպրոցների, լուսավորական այլ հաստատությունների, ինչպես նաև ծննդյան, ամուսնության, թաղման հարցերի տնօրինումը հանձնվում էր եկեղեցուն: Կանոնադրությամբ օրինականացվում էին Էջմիածնի և հոգևոր այլ հաստատությունների ու վանքերի հողատիրական իրավունքները:
1836թ. կանոնադրությունը օրենքի ուժ ուներ և կարգավորում էր ցարական կառավարության և հայ եկեղեցու փոխհարաբերությունները: