1941 թ. հունիսի 25-ին թուրքական կառավարությունը հայտարարեց իր չեզոքության մասին, բայց ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն էր ցույց տալիս ֆաշիստական Գերմանիային։ 1942թ. աշնանը ԽՍՀՄ սահմանին Թուրքիան կենտրոնացրեց մեծ ուժեր՝ ստիպելով Խորհրդային Միությանը Անդրկովկասում զորքեր պահել, որոնք այնքան անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Խախտելով նեղուցների վերաբերյալ 1936թ. կոնվեցիան՝ Թուրքիան թույլատրեց գերմանական և իտալական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Նրա, այսպես կոչված, «ակտիվ չեզոքությունը» շարունակվեց մինչև 1944թ. ամառը։ Երբ պարզ դարձավ, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզեց դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և 1945թ. փետրվարի 23-ին պատերազմ հայտարարեց Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։
Թուրքական դիվանագիտությունը փորձում էր խուսափել ԽՍՀՄ-ի հետ հարցերի սրումից, մինչդեռ վերջինս փորձում էր խաղարկել հայկական տարածքները Խորհրդային Հայաստանին վերադարձնելու խաղաքարտը։
1945թ. հուլիսի 16-ին, Պոտսդամի խորհրդաժողովի աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ, հանդիպեցին ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Մոլոտովը և Իդենը։ Դաշնակից տերությունների ղեկավարների հանդիպման նախօրյակին տեղի էին ունենում այդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց ընթացքում լուծվում էին «ոչ շատ էական» հարցեր։ Նման հարցերից էր հայկական տարածքների հարցը։ Մոլոտովն ասաց, որ 1921թ. թուրքերն օգտվեցին խորհրդային պետության թուլությունից և նրանից խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը, և հայերն իրենց վիրավորված են զգում։ Այդ պատճառով խորհրդային կառավարությունը պահանջում է օրինականորեն իրեն պատկանող տարածքները վերադարձնել։ Իդենը շատ լավ պատկերացնում էր խնդիրը, մանավանդ որ թուրքական դիվանագետները Լոնդոնում բանակցել էին նրա հետ։ Նա հայտնեց, որ թուրքերը համաձայն չեն բավարարելու Խորհրդային Միության տարածքային պահանջները։ Ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից՝ արևմտյան տերությունները պաշտպանության տակ առան Թուրքիային, քանի որ հայկական տարածքների հարցը պատրվակ էր դաշնակիցներից որոշ զիջումներ կորզելու համար։ Ուստի խորհրդային պատվիրակությունը չպնդեց, որպեսզի այն քննարկման առարկա դառնա։
Այդուհանդերձ Լոնդոնում կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում 1945թ. սեպտեմբերին ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր Մոլոտովը պնդում է Կարսն ու Արդահանը անպայմանորեն Խորհրդային Միությանը կցելու մասին, սակայն հաջողության չի հասնում։
1946թ. հունվարին Լոնդոնում գումարված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանի օրերին բազմաթիվ հայկական կազմակերպություններ իրենց հեռագրերով, ուղերձներով նորից պահանջում էին անդրադառնալ հայկական հարցին։ ՀՅ Դաշնակցության անունից նստաշրջանի նախագահին հանձնված ուղերձում ասվում էր, որ Սևրի պայմանագրով սահմանված հայկական գավառները անհրաժեշտ է վերամիավորել Հայաստանին։ Նույն թվականի մայիսին ԱՄՆ-ի 16 հայկական կազմակերպություններ ուղերձով դիմեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որով խնդրում էին Անվտանգության խորհրդի օրակարգ մտցնել Հայկական հարցը։
1947թ. Նյու Յորքում կայացած Հայկական համաշխարհային կոնգրեսի անունից հուշագիր ներկայացվեց ԱՄՆ-ի կառավարությանը, որով խնդրվում էր ՄԱԿ-ի օրակարգ մտցնել հայկական հողային պահանջների հարցը։ Բայց այդ շրջանում Թուրքիան արդեն, կողմնորոշվելով դեպի Արևմուտք ընդդեմ ԽՍՀՄ-ի, պաշտպանություն էր գտնում այդ երկրների կողմից։ Մի քանի տարի անց ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, 1953թ. մայիսի 30-ին հայտարարեց, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր համարեցին հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից»։
Հետագայում, 1960–1980-ական թվականների հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, բնականաբար, բարձրացվում էր Հայկական հարցը։ 1965թ. սփյուռքի բոլոր համայնքներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը։ Սփյուռքահայությունը տարբեր երկրների խորհրդարաններին և կառավարություններին, միջազգային կազմակերպություններին ներկայացրեց դիմումներ և ուղերձներ։ Նպատակն էր միջազգային հասարակության ուշադրությունը կրկին հրավիրել Հայկական հարցի վրա, պարտադրել Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այդ խնդիրների կապակցությամբ մեծ գործունեություն ծավալեցին Հայ դատի հանձնախմբերը։ Քաղաքական այդ գործունեությունը տվեց իր արդյունքները։ Կիպրոսի և Ուրուգվայի կառավարությունները հանդես եկան պաշտոնական հայտարարություններով՝ առաջարկելով Հայկական հարցը քննարկել ՄԱԿ-ում։ Ֆրանսիան դատապարտեց հայերի ցեղասպանությունը, իսկ որոշ միջազգային կազմակերպություններ ճանաչեցին Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստը։ 1987թ. հուլիսին Եվրախորհրդարանը կոչ արեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանության փաստը։