Երկրորդ աշխարհամարտի ավարտին, 1945թ. մայիսի 15-ին, Խորհրդային Հայաստանի իշխանությունները ԽՍՀՄ կառավարության առջև հարց բարձրացրին նոր հայրենադարձություն կազմակերպելու անհրաժեշտության մասին։
1945թ. նոյեմբերին ԽՍՀՄ կառավարությունը որոշում կայացրեց հայրենադարձությունը կազմակերպելու վերաբերյալ։
Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ձևավորվեցին հայրենադարձությանը նպաստող հանձնաժողովներ։
Հայրենադարձների առաջին քարավանը 1946թ. հունիսի 23-ին «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս եկավ Բեյրութից և մի քանի օր անց ժամանեց Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխեցին Հայաստան։ Հաջորդ քարավանները հայրենիք եկան մինչև հոկտեմբեր ամիսը։
1946թ. Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան ներգաղթեց շուրջ 51 հազար հայ։ 1947թ. Հայաստանն ընդունեց 25 հազար, իսկ 1948թ. 10 հազար հայրենադարձ։ Այդ ընթացքում աշխարհի 12 երկրներից հայրենադարձվեցին շուրջ 90 հազար հայեր։
Սկսված սառը պատերազմի պայմաններում ԽՍՀՄ-ում սկսվեց բռնաճնշումների նոր ալիք։ Հայրենիքի ճանապարհը բռնած սփյուռքահայերին մեղադրեցին օտարերկրյա պետություններին ծառայելու մեջ, և 1948թ. սեպտեմբերի 14-ին ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվեց հայրենադարձության գործընթացը։ Ստալինի մահվանից հետո հայրենադարձությունը նորից շարունակվեց, բայց ավելի համեստ չափերով։
Այսպես, 1950-ական թվականներին Հայաստան ներգաղթեց 4 հազար, իսկ 1960–1970-ական թվականներին՝ ևս 32 հազար մարդ։
Հետագա տարիներին հայրենադարձությունը ոչ միայն շարունակություն չունեցավ, այլև սկսվեց հակառակ գործընթացը, երբ հայրենիքից արտասահման հեռացան հարյուրավոր ընտանիքներ։