1995թ. ԼՂՀ Գերագույն խորհուրդը հատուկ օրենքով ամբողջ հողը հայտարարեց պետական սեփականություն։ Այն կարող էին վարձակալական հիմունքներով օգտագործել ինչպես կոլտնտեսությունները, այնպես էլ առանձին անհատներ։ Պատերազմի և տնտեսության արտակարգ իրավիճակների պայմաններում դա միանգամայն արդարացված օրենսդրական որոշում էր։ Սակայն երեք տարի անց այն չեղյալ հայտարարվեց։ 1998թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արցախյան իշխանություններն ընդունեցին օրենքներ, որոնք հողի սեփականաշնորհման համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծեցին։ Այդ օրենքներով մասնավորապես նախատեսվում էր սեփականաշնորհման ենթակա հողատարածքները որպես սեփականություն տալ անհատույց։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ այստեղ հողաբաժնի չափը սահմանվում է ոչ թե մեկ պայմանական ծխի, այլ յուրաքանչյուր շնչի հաշվով։ Սեփականաշնորհման են ենթակա վարելահողերը։ Իսկ խոտհարքները և արոտավայրերը սեփականաշնորհման ենթակա չէին, մնում էին համայնական օգտագործման։ Սեփականաշնորհումից օգտվում էին գյուղական բնակավայրերի և շրջկենտրոնների մշտական բնակիչները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի այն բնակիչները, որոնք բնակություն կհաստատեն գյուղերում և շրջկենտրոններում։ Իշխանությունները հուսով էին, որ դրանով կհաջողվի որոշ չափով բեռնաթափել Ստեփանակերտը։
Հողի սեփականաշնորհման նախապայմաններից մեկն էլ այն է, որ հող ստանալու իրավունքից օգտվող ընտանիքի կազմի մեջ ընդգրկվում են նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողները և քաղաքացիները։ Սահմանամերձ շրջաններում սեփականատերերի համար նախատեսվում էին որոշակի արտոնություններ։ Վերջապես հողի երկարաժամկետ վարձակալության դեպքում դրանց վարձակալողներին տրվում էր սեփականաշնորհման արտոնյալ, առաջնահերթության իրավունք։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, այսօր Արցախում անհատ ձեռներեց-վարձակալները օգտագործում են շուրջ 12 հազար հեկտար հող, իսկ դա կազմում է բոլոր վարելահողերի գրեթե 1/3 մասը։ Դրա շնորհիվ հնարավոր եղավ ավելացնել գյուղարտադրանքի և ապրանքային արտադրության զգալի մասը։
Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում նպատակահարմար համարվեց կոլեկտիվ տնտեսությունները բռնությամբ չքայքայել, չսեփականաշնորհել գյուղատնտեսական տեխնիկան և անասնապահական ֆերմաները։ Դրանք նպաստեցին Արցախի տնտեսական կյանքի և պաշտպանունակության բարելավմանը։ ԼՂՀ-ում իրականացվող ագրարային վերափոխումների շնորհիվ գյուղատնտեսությունը բռնել է զարգացման ուղի։ Պատահական չէ, որ գյուղատնտեսության ճյուղի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ վերջին տարիներին աճել է 27 տոկոսով։ Սկսած 2000 թվականից հանրապետությունում արձանագրվել է անընդմեջ տնտեսական աճ՝ 2000-2006 թվականներին միջինը կազմելով 12,2 տոկոս։ 2006թ. հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն) մոտ 2 անգամ գերազանցել է 2002 թվականի մակարդակը։ Այսպիսով հանրապետության վերջին տարիների տնտեսական զարգացումները հիմքեր են տալիս ենթադրելու, որ ԼՂՀ կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումները կարող են երկարատև ժամանակաշրջանի համար ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր։ Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ԼՂՀ-ում իրականացվեցին ոչ միայն տնտեսական, վարչական, այլև սոցիալական բարեփոխումներ։ Սոցիալական ոլորտի հիմնախնդիրները լուծելու նպատակով 1995–2006թթ. մշակվեցին ու ընդունվեցին մի շարք օրենքներ։ Դրանց կենսագործման շնորհիվ հնարավոր եղավ այս ոլորտում որոշակի առաջընթաց ապահովել։
Ներկայումս Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին պարտադրված տրանսպորտային շրջափակման պայմաններում նորանկախ հանրապետության տնտեսական կյանքն ամբողջությամբ կողմնորոշված է դեպի Հայաստանի Հանրապետություն։ Տեղի է ունենում երկու հայկական պետությունների տնտեսական միասնացում (ինտեգրում)։