Հայկական սփյուռք (1915-2008թթ.)Ազգային հաստատությունները և սոցիալ-մշակութային իրադրությունը սփյուռքումՍփյուռքի ազգային կազմակերպությունները

Սփյուռքի ազգային կազմակերպությունները

Սփյուռքահայ համայնքները կառուցվել են բազմաթիվ և բազմապիսի ազգային կազմակերպությունների հիմքի վրա։ Կան համասփյուռքյան՝ գրեթե բոլոր համայնքներում գործող և զուտ տեղական բնույթի կազմակերպություններ։

Համասփյուռքյան կազմակերպությունների շարքում հատկապես նշանակալի է Հայ առաքելական եկեղեցու դերը, որին հետևում է սփյուռքահայերի բացարձակ մեծամասնությունը։ Դեռևս VII դ. Երուսաղեմում և 1461թ. Կոստանդնուպոլսում (Ստամբուլում) հիմնված Հայ պատրիարքությունները, ինչպես նաև տարբեր երկրներում գործող թեմերի հիմնական մասը ավանդաբար ենթարկվում են Մայր աթոռ Ս.Էջմիածնի կաթողիկոսությանը։ Սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո, սառը պատերազմի տարիներին, քաղաքական-գաղափարական առճակատման մեջ ներքաշվեցին նաև սփյուռքի եկեղեցիները։ Դրա արդյունքում որոշ թեմեր Դաշնակցություն կուսակցության ազդեցությամբ 1956թ. հրաժարվեցին ընդունել Ս.Էջմիածնի հոգևոր գերագույն իշխանությունը և սկսեցին ենթարկվել Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան) կաթողիկոսությանը։ Հայ առաքելական եկեղեցու նման պառակտումը պահպանվում է մինչև այսօր, անգամ խորհրդային վարչակարգի տապալումից հետո։ Դա բացասաբար է անդրադառնում թե հայ եկեղեցու և թե ողջ հայության ազգային միասնական գործունեության վրա։ Սփյուռքահայ համայնքների մեծ մասում գործում են նաև հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիները։

Համասփյուռքյան կազմակերպություններից են նաև Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ), Ռամկավար-ազատական (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՍԴՀԿ) քաղաքական կուսակցությունները, Նոր սերունդ, Համազգային, Թեքեյան մշակութային միությունները։ Դրանցից են նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Հայ երիտասարդաց ընկերակցությունը և այլ միություններ, ինչպես նաև Պոլսահայերի, Իրանահայերի և այլ հայրենակցական միություններ։

Սփյուռքի պայմաններում կենսական մեծ նշանակություն ունեն բարեգործական կազմակերպությունները՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), Գ. Կյուլպենկյան, Հ. Գարակյոզյան և այլ հիմնարկություններ։

ՀԲԸՄ-ն հնագույն և ամենախոշոր բարեգործական կազմակերպությունն է սփյուռքում, որի հիմնադիրն (1906թ.) ու առաջին նախագահը, ինչպես նշվել է, եգիպտահայ ազգային գործիչ Պողոս Նուբարն է եղել։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ՀԲԸՄ-ն ուներ 41 հայկական դպրոց։ 1915թ. դեպքերից հետո ՀԲԸՄ-ն որբանոցներ ու ապաստարաններ հիմնեց Կիլիկիայում, ապա Լիբանանում, Սիրիայում, Երուսաղեմում և այլուր։ Սկսած 1930-ական թվականներից և հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1987) ՀԲԸՄ-ի հիմնական նպատակն էր սփյուռքահայերի ազգային-մշակութային ինքնության պահպանումը։ Այսօր տարբեր երկրներում գործում են ՀԲԸՄ շուրջ 30 ամենօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ, մշակութային և երիտասարդական կենտրոններ, կազմակերպվում են ամենամյա մարզական խաղեր, կրթաթոշակներ են հատկացվում հայազգի ուսանողներին և այլն։

Բոլոր համայնքներում, համասփյուռքյան կազմակերպություններից բացի, գործում են նաև տեղական բնույթի զանազան մշակութային, կրթական և այլ միություններ (Ռուսաստանի հայերի միություն, Ֆրանսահայ բժիշկների միություն, Ամերիկայի հայ ուսանողների ընկերակցություն, Կանադայի հայ առևտրականների միություն և այլն)։

Սփյուռքի գրեթե բոլոր կազմակերպությունների գործունեության կարևոր նպատակներից է Հայկական հարցի արդարացի լուծման խնդիրը։ Այդ նշանակում է՝ համաշխարհային հանրության կողմից 1915թ. ցեղասպանության ճանաչում և դատապարտում, հայ ժողովրդի արդար իրավունքների վերականգնում, Լեռնային Ղարաբաղի ամբողջական ազատագրում ու դրա իրավական ամրագրում։ 1960-ական թթ. սկսած հիմնվել են հատկապես նման ուղղվածության կազմակերպություններ, որոնցից ամենաազդեցիկն են Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի Հայկական համագումարը։ Բոլոր այդ կազմակերպությունների երկարամյա և հետևողական գործունեությունը մեծապես նպաստեց 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանն ու դատապարտմանը։ Այդ կատարվել է մի շարք երկրների, ինչպես Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Վատիկանի՝ Հռոմի պապի, նաև Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից։

Սփյուռքում տակավին չեն ստեղծվել ներկայացուցչական մարմիններ, որոնք իրավասու լինեին հանդես գալու ամբողջ սփյուռքահայության կամ տվյալ երկրի հայության անունից։

Սփյուռքահայության, ինչպես և ամեն մի ազգային փոքրամասնության գոյավիճակը, նրա ինքնության պահպանումը պայմանավորված են ընդունող երկրների քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային առանձնահատկություններով։ Հետևաբար՝ Սփյուռքահայ համայնքները կարելի է խմբավորել ըստ այդ երկրների ընդհանուր բնութագրերի՝ Արևելքի, Արևմուտքի (ներառյալ Հարավային Ամերիկայի) և ԱՊՀ երկրների հայկական համայնքներ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ