Սկզբնական շրջանում ծանր էր հայ գաղթականների վիճակը նաև Արևմուտքի արագ զարգացող արդյունաբերական երկրներում։ Չունենալով անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ նրանք ստիպված էին հիմնականում կատարել որակավորում չպահանջող, ծանր ու ցածր վարձատրվող մետաղագործական, շինարարական և այլ աշխատանքներ։
Ներգաղթած հայերը իրական պատկերացում չունեին տեղի ժողովուրդների ապրելակերպի մասին, որը հաճախ խորթ և անընդունելի էր իրենց համար։ Արևմուտքի երկրների ժողովուրդները, իրենց հերթին անծանոթ լինելով հայերին, ինքնաբերաբար նրանց վրա էին տարածում «ասիացիների» մասին ունեցած իրենց բացասական պատկերացումները։ Դրա դրսևորումներից էր 1920-ական թթ. հայերի բնակության վայրի և աշխատանքի ընտրության և քաղաքացիական որոշ այլ իրավունքների սահմանափակումները ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։ Հետագա տարիներին տեղի հայերը, շնորհիվ իրենց աշխատասիրության և օրինապահության, դարձան լիիրավ քաղաքացիներ։ Իսկ Արևմուտքի երկրներում մեծացած և կրթություն ստացած սփյուռքահայերը իրենց պատվավոր տեղը զբաղեցրին հյուրընկալ հասարակություններում։ Նրանց տեսնում ենք որպես անհատ ձեռներեցներ, պետական ծառայողներ, գիտատեխնիկական տարբեր ոլորտների մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ և այլն։
Արևմուտքի երկրների հայության՝ որպես հասարակության արժանապատիվ անդամների ինքնահաստատումը տեղի ունեցավ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հազարավոր հայազգի երիտասարդներ ԱՄՆ-ի (18,5 հազ.), Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի (մոտ 10 հազ.) զինված ուժերի շարքերում արիաբար կռվեցին նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ։ Իսկ վերջինների կողմից գրավված Ֆրանսիայում, Հունաստանում և այլ երկրներում մասնակցեցին դիմադրական պայքարին։ 1944թ. նացիստների կողմից գնդակահարված Միսաք Մանուշյանը պատերազմից հետո հռչակվեց Ֆրանսիայի Ազգային հերոս։ Այդ տարիներին ողջ սփյուռքահայությունը կազմակերպեց հատուկ հանգանակություններ՝ հօգուտ Խորհրդային Միության ժողովրդի և բանակի, որոնց արդյունքներից էր «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։
Արևմուտքի երկրների մշակույթի մշտական և ուժեղ ներգործության պայմաններում հայերի համար ամենաբարդ և դժվար խնդիրներից է ազգային ինքնության պահպանումը։ Ցանկանալով հնարավորինս արագ ներքաշվել ընդունող հասարակություններում՝ նրանք ձգտում են առավելագույնս որդեգրել բնիկ ժողովուրդների բարքերն ու մշակութային արժեքները։ Հանուն դրա նրւսնք միաժամանակ հարկադրված են լինում սահմանափակել իրենց ազգային, ավանդական մշակույթի դրսևորումները։
Նշված երկրներում յուրահատուկ նշանակություն է ստանում հայերի քրիստոնյա լինելու հանգամանքը։ Դա զգալի չափով նպաստել է տեղի՝ նույնպես քրիստոնյա ժողովուրդների՝ ֆրանսիացիների, ամերիկացիների, արգենտինացիների և այլոց կողմից հայերի մասին նպաստավոր կարծիքի ձևավորմանը, վերջիններիս հասարակության լիիրավ անդամ դառնալուն։ Դրա հետ մեկտեղ, այն դյուրացրել է հայերի ազգամշակութային ձուլումը։ Այդ են վկայում հայերի ամուսնությունները այլազգիների հետ։ Նման ամուսնությունների թիվը Արևմուտքի և Հարավային Ամերիկայի երկրների հայության մոտ այսօր կազմում է շուրջ 60%:
Ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի երկրներում հայկական համայնքները յուրահատուկ ձևերով պահպանում են ազգային մշակութային ավանդույթները։ Արևմուտքի երկրներում երկար ժամանակ գոյություն ունեին միայն մեկօրյա հայկական դպրոցներ, որոնց արդյունավետությունը ազգային դաստիարակության և կրթության տեսակետից բավարար չէր։ Այսպես՝ ԱՄՆ-ի հայկական համայնքները միայն 1960–ական թթ. կեսերից սկսեցին հիմնել ամենօրյա հայկական դպրոցներ։ Նմանօրինակ հայկական դպրոցներում, ինչպես ասենք՝ ԱՄՆ-ում «Ֆերահեան», «Տեմիրճեան-Մանուկեան», Ֆրանսիայում՝ «Դպրոցասեր տիկնանց վարժարան», Արգենտինայում՝ «Վիսենտե Լոպեսի վարժարան» և այլն, սովորում է, սակայն, ծագումով հայ երեխաների փոքր մասը միայն։ Այդ առումով համեմատաբար ավելի բարվոք է վիճակը Կանադայում, որի երկու ամենահայաշատ քաղաքներում՝ Մոնրեալում և Տորոնտոյում, գործում է 6 հայկական դպրոց։ Արդյունքում՝ Արևմուտքի երկրներում ապրող սփյուռքահայերի, հատկապես երիտասարդության ճնշող մեծամասնությունը լավագույն դեպքում տիրապետում է հայերենի խոսակցական լեզվի սոսկ տարրե¬րին։ Դա իր հերթին անդրադառնում է հայկական մա¬մուլի վրա։ Տարեցտարի ավելանում են տեղական լե¬զուներով հրատարակությունների թիվը (օրինակ, ԱՄՆ-ում՝ «California Courier», «AGBU News Magazine», «AIM», Ֆրանսիայում՝ «France-Armenie», Արգենտինայում՝ «Generacion 3»)։ Իսկ քանակապես նվազող հայալեզու պարբերականները, որպես կանոն, ունեն օտարալեզու հատուկ ենթաբաժիններ կամ հավելված¬ներ («Ասպարէզ», «Նոր կեանք»՝ ԱՄՆ-ում, «Յառաջ»՝ Ֆրանսիայում, «Հորիզոն»՝ Կանադայում և այլն)։
Այդ երկրներում համայնքային հիմնարկությունների արդյունավետությանը, նրանցում հնարավորին չափ մեծ թվով հայերի ներգրավմանը մեծապես խոչընդոտում է նաև հայերի ցրված բնակեցումը, ինչպես առանձին երկրների, այնպես էլ առանձին քաղաքների սահմաններում։
Արևմուտքի երկրներում, հատկապես Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, ստեղծագործել են անվանի հայ գրողներ Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Շահան Շահնուրը, Համաստեղը և ուրիշներ, որոնք, սակայն, որպես կանոն, դեռևս մինչ այս երկրներ ներգաղթելը արդեն ձևավորված գրողներ էին։ Տեղի հայ համայնքներում տիրող մշակութային մթնոլորտը չի նպաստում հայալեզու գրականության զարգացմանը, հակառակը՝ այն մեծապես խթանում է հայազգի օտարագիր գրողների ի հայտ գալը։ Իրենց երկրների գրականության ճանաչված դեմքերից էին Վիլյամ Սարոյանը, Լևոն-Զավեն Սյուրմելյանը (ԱՄՆ), Արթյուր Ադամովը, Անրի Թրուայան (Ֆրանսիա) և ուրիշներ։ Առավել նշանակալից է հայազգի արվեստագետների ավանդը տարբեր երկրների մշակույթի զարգացման գործում, նկարիչներ Արշիլ Գորկի, Գարզու, քանդակագործ Ռուբեն Նաքյան, կոմպոզիտորներ Ալան Հովհաննես, Ռիչարդ Յարդըմյան, կինոբեմադրիչներ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Ատոմ Էգոյան, երգիչներ ու դերասաններ Շառլ Ազնավուր, Շեր (Շերլին Սարգսյան) և շատ ուրիշներ։
Արևմուտքի երկրների հայ համայնքների գոր¬ծունեությունը զգալիորեն աշխուժացավ, երբ 1960-ական թվականներին սկսվեց հայերի ներ¬գաղթը Արևելքի երկրներից, իսկ 1980-ական թվականների վերջից՝ նաև Հայաստանից։ Նրանց նախաձեռնության և ջանքերի շնորհիվ առավել արդյունավետությամբ սկսեցին գործել ազգային հիմնարկությունները, հիմնվեցին կրթական նոր հաստատություններ, թերթեր, գեղարվեստական խմբեր։
Հարավային Ամերիկայի երկրների (Արգեն¬տինա, Ուրուգվայ, Բրազիլիա) համայնքների կայացումն ու զարգացումը հիմնականում ընթացել է Արևմուտքի երկրների հայկական համայնքների նման։ Այդ համայնքների կարևոր առանձնահատկություններից է այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի հայերի շոշափելի արտագաղթ չի նկատվել։ Միևնույն ժամանակ սփյուռքի այլ համայնքներից և Հայաստանից համեմատաբար քիչ թվով հայեր են ներգաղթել Հարավային Ամերիկայի երկրներ։ Այդ իսկ պատճառով տեղի համայնքներին, ընդհանուր առմամբ, բնորոշ չէ ազգային գործունեության էական աշխուժացում։