Արցախը մի ինքնատիպ և յուրահատուկ աշխարհ է: Բազմազան և հարուստ բնությունը դարերի ընթացքում մարդկանց մեջ դաստիարակել է հայրենասեր և ազատասեր ոգի: Այդտեղ նույնիսկ դժվարամատչելի և լերկ ժայռերը, ապահով ապաստան տալով, ծառայում են բնակչությանը: Այդ ամենի շնորհիվ, Հայաստանի պետականության անկումից հետո, Արցախը պահպանում էր իր կիսանկախ կարգավիճակը, ինչը նպաստեց հզոր ռազմավարական և մշակութային կենտրոնների ստեղծմանը:
Ամարասում մինչ օրս կանգուն է Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը, որտեղ հայերեն լեզուն էր դասավանդվում: Գանձասարում է ամփոփված Հովհաննես Մկրտչի գանգը, և այդ սրբավայրը նշանակավոր ուխտատեղի է ողջ քրիստոնյա աշխարհի համար, իսկ Ազոխի քարանձավում հայտնաբերվել են նեանդերթալյան և այլ դարաշրջանների մարդկանց գործունեության հետքեր:
Արցախը հարուստ է նաև բնական հուշարձաններով, այդ շարքում են 2000-ամյա չինարին, Ջերմաջուրի և Զուառի տաք հոսանքները, Թարթառ գետի հովիտը:
Այդ ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել, բայց դա անիմաստ է, քանզի Արցախի յուրաքանչյուր այցելու ստանում է իր անձնական տպավորությունները, որոնք տարբերվում են մյուսներից և որոնց մասին նա դեռ երկար տարիներ կհիշի ու հիացմունքով կպատմի մտերիմներին: