Մարդկային հասարակության զարգացումն էապես արագացավ միջնաքարի և նորաքարի շրջանում։ Միջնաքարը կամ մեզոլիթը Հայկական լեռնաշխարհում տևել է Ք.ա. XII հազարամյակից մինչև VII հազարամյակի կեսերը։ Պեղումները ցույց են տալիս, որ հայտնաբերվել էր նետն ու աղեղը՝ արդյունավետ ու հեշտ դարձնելով որսորդությունը։ Սննդի մեջ մեծացավ մսի կերակրաբաժինը։ Ընտելացվեց շունը։ Բրիչային երկրագործության հանդես գալն ու լայն տարածումը մարդուն ապահովեցին բուսական մշտական առատ սննդով, իսկ վայրի կենդանիների ընտելացումը՝ մսով, կաթով և անասնապահական այլ մթերքներով, որի արդյունքում խիստ մեծացավ տղամարդու դերը։ Տղամարդիկ զբաղվում էին որսորդությամբ և անասնապահությամբ, իսկ կանայք՝ բրիչային երկրագործությամբ։
Հազարամյակների ընթացքում մարդկային հոտը, որի կենսագործունեությունը տարածվում էր շուրջ 15 կմ շառավղով տարածքի վրա, բազմանալով և սնունդ հայթայթելու դժվարություններ ունենալով, բաժանվում է երկու և ավելի մարդկային խմբերի, որոնք, մեկից բացի, տեղաշարժվում էին և յուրացնում նոր տարածքներ։ Սակայն որոշակի պահից մարդկային հոտերն սկսեցին բաժանվել ոչ թե կամայական ձևով, այլ ազգակցական կապերի հիման վրա։ Ավելի ուշ դրանք սկսեցին բաժանվել երկու և ավելի տոհմերի, որոնցից յուրաքանչյուրը ներառում էր մարդկային հոտի՝ մոր կողմից բոլոր ազգականներին։ Առաջացած տոհմերը միասին անմիջապես կազմում էին ցեղային համայնքը, այլ խոսքով միավորվում էին մեկ ցեղի մեջ։ Ցեղերն ունեին իրենց ցեղային լեզուները, ընդհանուր հավատալիքները և սովորույթները։
Նորաքարը (նեոլիթ) թվագրվում է Ք.ա. VII հազարամյակի կեսերից մինչև V հազարամյակի կեսերը։ Այս շրջանում կատարելության է հասնում քարի մշակման արվեստը, գործիքները հղկվում են, փայտե կոթավոր քարե կացիններով սկսում են պատրաստել սայլեր և մակույկներ։ Հանդես են գալիս մշտական կացարանները՝ բնակավայրերը։ Պատրաստվում են կավե առաջին ամանները, որոնց մեջ սկսում են կերակուր պատրաստել։ Կառուցվում են տաճարներ և ամրոց-մթերանոցներ։ Մարդը ոչ միայն յուրացնում, այլև արտադրում և մշակում է անհրաժեշտ մթերքը։ Հանդես եկան առաջին արհեստները, ծնունդ առավ արհեստական ոռոգման համակարգը։ Մարդիկ անցան նստակեցության, որը գիտության մեջ ստացել է նեոլիթյան հեղափոխություն անունը։ Բնակչության արագ աճն առաջ է բերում պայքար կենսատարածքների համար։ Հայկական լեռնաշխարհի ցեղերը արտաքին վտանգի աճի պայմաններում աստիճանաբար սկսում են միավորվել ցեղային միությունների մեջ, որոնք սփռված էին լեռնաշխարհի ողջ տարածքում։