Հայաստանը հին շրջանումՄեծ Հայքի Արշակունյաց թագավորությունըՄեծ Հայքի թագավորությունը օտարազգի թագավորների գահակալության շրջանում

Մեծ Հայքի թագավորությունը օտարազգի թագավորների գահակալության շրջանում

Արտաշիսյան արքայատոհմի արական ներկայացուցիչների սպառումով հռոմեացիները հնարավորություն ստացան հայկական գահ բարձրացնելու օտարազգիներին, որոնք կվարեին հռոմեամետ քաղաքականություն: 1 թ. մինչև 52 թ. նրանց օգնությամբ հայկական գահ բարձրացան Ատրպատականի և Վիրքի արքայատոհմի ներկայացուցիչները: Սակայն իր հերթին Պարթևստանն էլ աշխատում էր հայոց գահ բարձրացնել իր թեկնածուին: Հայ ժողովուրդը համառ և անկոտրում պայքար էր մղում օտարազգի դրածո թագավորների իշխանության դեմ, իսկ հայոց ավագանին ձգտում էր հիմք դնել հայկական նոր արքայատոհմի: Այդ պայմաններում բոլորովին պատահական չէր, որ օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը: Բավական երկար և խաղաղ իշխեց միայն Զենոնը, որը մեծացել էր հայերի մեջ, յուրացրել էր նրանց սովորույթները և վարում էր երկրի շահերից բխող քաղաքականություն: Ինչպես մյուս օտարազգի թագավորները, այնպես էլ նա, հայ արքունիքի սովորության համաձայն, ընդունեց ժողովրդի կողմից սիրված հայկական դինաստիական Արտաշես անունը և մահացավ բնական մահով: Զենոն-Արտաշեսից հետո հայոց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի հակահռոմեական ապստամբության շնորհիվ Հայոց թագավորությունը կարճ ժամանակով (37-43 թթ.) կարողացավ վերականգնել իր լիակատար անկախությունը: Դրանից հետո հռոմեացիների օգնությամբ հայկական գահին տիրեցին վրաց թագավորական ընտանիքի ներկայացուցիչները՝ առաջ բերելով ժողովրդի համառ դիմադրությունը: Հայ ժողովրդի հերոսական ու շարունակական պայքարը Հռոմի դեմ արտացոլվել է հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»: Դրա մեջ նա, անշուշտ, ակնարկում է Հայաստանի աննկուն պայքարը, այսինքն ինչպես Արաքսը չի հանդուրժում կամուրջներ, այնպես էլ հայ ժողովուրդը՝ օտարի տիրապետությունը:

Օտարազգի թագավորների ատելի իշխանությունն ստիպեց հայոց ավագանուն դաշնակիցներ փնտրել՝ ի դեմս պարթևական թագավորության: Վերջինս էլ իր հերթին ձգտում էր Մեծ Հայքում հաստատել Արշակունիների իշխանությունը, այն վերածել Արշակունյաց արքայատոհմի երկրորդ թագավորության:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ