Հայաստանը հին շրջանումՄեծ Հայքի Արշակունյաց թագավորությունըՀայ-պարթևական մերձեցումը: Տրդատ Արշակունին (52/66-76) հայոց թագավոր

Հայ-պարթևական մերձեցումը: Տրդատ Արշակունին (52/66-76) հայոց թագավոր

Պարթևական Վաղարշ Ա Արշակունի թագավորի օրոք Պարթևստանի և Մեծ Հայքի թագավորությունները փոխադարձ քայլեր ձեռնարկեցին մերձենալու և սերտ բարեկամություն հաստատելու ուղղությամբ: Հայոց ավագանին համաձայնեց պարթևական թագավորի եղբայր Տրդատին ճանաչել հայոց թագավոր:

Վաղարշ արքան և նրա եղբայր Տրդատը մեծ բանակով մուտք են գործում Հայաստան և հայկական ուժերի օգնությամբ գրավում թագավորության մայրաքաղաք Արտաշատը և վաճառաշահ քաղաք Տիգրանակերտը: Երկու տարի անց Տրդատը հայ ավագանու օգնությամբ հաստատվում է հայոց գահին, իսկ հռոմեացիների օգնությամբ Մեծ Հայքում հաստատված վրաց արքայազն Հռադամիզդը դիմում է փախուստի և շատ չանցած մահապատժի ենթարկվում իր իսկ հոր կողմից:

Տրդատի հայոց գահ բարձրանալով՝ հռոմեա-պարթևական մրցակցությունն ավելի խորացավ, և շուտով տասնամյա պատերազմ սկսվեց հռոմեացիների և պարթևա-հայկական զորքերի միջև:

Պատերազմը, որ սկզբում դանդաղ էր ընթանում, 58 թ. թևակոխեց ակտիվ գործողությունների փուլ: Պատերազմի հինգերորդ տարում հռոմեական զորավար Կորբուլոնը գրավեց Արտաշատը: Հայ-պարթևական զորքերը համառ դիմադրությունից հետո նահանջեցին պարթևական տիրույթներ: Կորբուլոնը՝ գարնանը պատրաստվելով շարժվել Տիգրանակերտ, հրամայեց ավերել Արտաշատը՝ պատճառաբանելով, թե զորքերի սակավության պատճառով չի կարող կայազոր թողնել այնտեղ: Մայրաքաղաքի ավերումը պայմանավորված էր նրանով, որ հռոմեացիները պարզապես սարսափում էին այն մտքից, որ Արտաշատն իր հզոր ամրություններով կարող է հայտնվել հայկական զորքերի ձեռքում:

Հռոմեացիները տիրացան նաև Տիգրանակերտին և կրկին հայոց գահ բարձրացրին օտարազգի թագավորի: Հայերն ու պարթևները չհանդուրժեցին այդ, և Վաղարշն իր բոլոր զորքերով շտապեց Հայաստան: Սկսվեցին բանակցությունները, որոնց արդյունքում որոշվեց Մեծ Հայքից դուրս բերել թե' պարթևական և թե' հռոմեական զորքերը: Ելնելով հռոմեա-պարթևական այդ համաձայնությունից՝ Վաղարշը դեսպանություն ուղարկեց Հռոմ՝ խնդրելով Ներոն կայսրին իր եղբայր Տրդատին ճանաչել հայոց թագավոր: Կայսրը, ձեռք բերված համաձայնությունը խիստ անպատվաբեր համարելով Հռոմի համար, մերժեց Տրդատին հեռակա թագադրելու առաջարկը: Եվ քանի որ Կորբուլոնը պաշտպանում էր Եփրատի ամրացված շրջանը, Հայաստան ուղարկվեց Պետոս զորավարի գլխավորությամբ մի նոր բանակ: Վերջինս գոռոզ և պատերազմական գործում ոչ հմուտ անձնավորություն էր: Նրան թվում էր, թե հեշտությամբ կարող է հաղթել հայերին և պարթևներին: Նա անգամ սահմանային մի քանի բերդեր գրավելուց հետո Հռոմ զեկույց ուղարկեց, թե Հայաստանը նվաճված է: Նրա ինքնավստահությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ հարկ չէր համարում բանակի շուրջը պարեկություն հաստատել:

62 թ. պարթևա-հայկական զորքերը Վաղարշի և Տրդատի գլխավորությամբ պատերազմական գործողություններ սկսեցին հռոմեացիների դեմ: Հաջողության չհասնելով Եփրատի ափերին՝ Վաղարշն իր զորքերով միացավ Տրդատի հայ-պարթևական ուժերին: Հայ-պարթևական բանակները նույն թվականին փայլուն հաղթանակի հասան Պետոսի բանակի նկատմամբ Հռանդեա (Եռանդ) կոչվող վայրում: Հռոմեական բանակի անպարտելի համարվող զինվորները ենթարկվեցին տարբեր նվաստացումների և ստիպված եղան անցնել «լծի» տակով՝ թշնամուն հանձնելով իրենց զենքերը: Անարգանքի «լուծը» երեք նիզակից էր կազմված, որի տակով սողալով ստիպված էին անցնել հռոմեացի գոռոզ զինվորները: Այդպիսի անարգանքի չէին ենթարկվել հռոմեացի զինվորները վաղուց ի վեր: Հռոմի պարտությունն ակնհայտ էր: Պետոսի զորաբանակները լքեցին Հայաստանը և արագորեն տեղափոխվեցին կայսրության տարածք: Վաղարշը կրկին դեսպանություն ուղարկեց Հռոմ, պահանջելով իր եղբայր Տրդատին ճանաչել Հայոց թագավոր: Ներոնն էլ պատրաստ էր այդ ճանաչելու՝ պայմանով, որ Տրդատն անձամբ գա Հռոմ և իր ձեռքից ստանա հայոց թագը: Ներոնն այդ ճանապարհով կամենում էր ինչ-որ չափով վերականգնել կայսրության խարխլված հեղինակությունն Արևելքում: Ավելին, այդ քայլով Հռոմն ուզում էր ցույց տալ, որ ոչ թե իր կրած պարտության պատճառով, այլ կայսեր հանդես բերած մեծահոգության շնորհիվ է Տրդատն ստանում հայոց գահը: Միաժամանակ Կորբուլոնը հրաման ստացավ արշավել պարթևների դեմ՝ հրահանգ ունենալով կրկին հորդորել Տրդատին գալ Հռոմ և հայոց գահը ստանալ Ներոնի ձեռքից: Հայոց ավագանին և պարթևական արքունիքը՝ կայսեր առաջարկը իրավացիորեն դիտելով որպես իրենց հաղթանակ, համաձայնեցին Ներոնի առաջարկին: Տրդատը 65 թ. 3000-անոց թիկնախմբով, որի մեջ էին նրա ընտանիքը, բազմաթիվ հայ և պարթև մեծամեծ իշխաններ, ճանապարհ ընկավ Հռոմ և կայսերը հանդիպեց Նեապոլիսում: Հայոց թագավորի պատվին կազմակերպվեցին զանազան հանդեսներ, կրկեսային ներկայացումներ, գազանամարտեր: Շատ չանցած Տրդատը Հռոմի ֆորումում թագադրվեց Ներոնի կողմից և Հայաստան վերադարձավ որպես օրինական թագավոր: Կայսրը Արտաշատը վերականգնելու համար, որն ավերվել էր հռոմեացիների կողմից, մեծ գումար նվիրեց և արհեստավորներ տրամադրեց Տրդատ արքային: Տրդատ Ա-ով սկիզբ դրվեց Արշակունիևերի կրտսեր ճյուղի իշխանությանը Մեծ Հայքում:

Տրդատի հետագա գործունեության մասին սուղ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, որ նրա օրոք նշանակալից շինարարություն է իրականացվել, որի արդյունքում ոչ միայն վերականգնվել է Արտաշատը, որը հայոց թագավորը դիվանագիտորեն կոչել է Ներոնեա, այլև կառուցապատվել են երկրի այլ շրջանները: Հատկապես մեծ շինարարություն ծավալվեց Գառնիում, որի մասին հավաստում է Տրդատի՝ Գառնիում թողած հունարեն արձանագրությունը. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»: Ամրոցը հիմնովին վերակառուցվեց, վեր խոյացան ամրոցի հզոր պարիսպները, հեթանոսական տաճարը և մյուս կառույցները: Հատկապես նշանավոր է Գառնիի հեթանոսական տաճարը, որը հանդիսանում է հայկական, հելլենիստական և հռոմեական ճարտարապետության ներդաշնակ համակցություն:

Հայտնի է նաև, որ Տրդատ Ա-ն մի շարք պատերազմներ է մղել, հատկապես Հյուսիսային Կովկասից Այսրկովկաս ներխուժած ալանական ցեղերի դեմ: Թշնամու դեմ կռվում Տրդատը մահացու վտանգի է ենթարկվում, երբ թշնամիներից մեկի նետած օղապարանը փաթաթվում է նրա ուսից մինչև աջ կողմի անութը: Բայց նա իրեն չի կորցնում և, սրով կտրելով պարանը, հաղթական ավարտի է հասցնում ճակատամարտը:

Տրդատը՝ պատկանելով պարթև Արշակունի արքայատոհմին, բնականաբար պետք է հետևեր պարթևական արքունիքի և ցեղային սովորույթներին ու բարքերին: Նրա հետ Մեծ Հայք եկան նշանակալից թվով պարթև ազնվականներ, որոնք զգալիորեն նպաստեցին պարթևական մշակույթի և ազդեցության տարածմանը Հայաստանում: Սակայն Հայաստանում Արտաշիսյանների օրոք հայկական տեղական ավանդույթներն այնքան խոր արմատներ էին ձգել, որ պարթևազգի իշխողները, սկսած հենց Տրդատ Ա-ից, բռնում են հայացման ճանապարհը: Այդ գործընթացն սկզբում դանդաղ էր ընթանում, քանի որ հռոմեա-պարթևական պայմանագրով Մեծ Հայքում պարթև Արշակունիների իշխանությունը ժառանգական չէր: Պարթևները հայոց արքայի մահից հետո ներկայացնում էին նոր գահակալի թեկնածությունը, որը հաստատվելու էր հռոմեացիների կողմից: Կողմերը չէին հարգում իրենց պարտավորությունները, որը հաճախ հանգեցնում էր պատերազմների: Իր հերթին Մեծ Հայքի Արշակունի թագավորները լուրջ քայլեր էին ձեռնարկում իրենց իշխանությունը ժառանգական դարձնելու ուղղությամբ: Նրանց իշխանությունը ժառանգական դարձավ II դարի վերջերից, որի շնորհիվ նրանք՝ խնամիական ու այլ կապերով կապվելով հայոց թագավորության ավագանու հետ, արագորեն հայացան: Արշակունիներն ընդունեցին հայկական բարքերն ու սովորությունները և իրենց վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ ցույց տվեցին, որ իսկական հայ թագավորներ են:

Հայ ժողովուրդը ջերմորեն ընդունեց Տրդատ Ա-ի իշխանությունը, նրան անվանեց Արտաշես՝ դարձնելով նրան, որպես հարազատ թագավորի, իր երգերի սիրելի հերոսներից մեկը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ