Հայաստանը հին շրջանումՊետական կարգըԹագավոր: Արքունիք

Թագավոր: Արքունիք

Հին Հայաստանում պետության գլուխ կանգնած էր թագավորը, որը կոչվում էր թագավոր կամ արքա Հայոց մեծաց: Նրա արձակած հրամանները օրենքի ուժ ունեին, նա զորքերի գերագույն հրամանատարն էր, երկրի կյանքի բոլոր ասպարեզների գլխավոր ղեկավարը: Թագավորի իրավասությունն էր պատերազմ հայտարարելը, հաշտություն կնքելը, այլ երկրներ դեսպանություններ առաքելը և դեսպանություններ ընդունելը, նոր քաղաքներ ու ամրոցներ հիմնադրելը և անվանակոչելը:

Հայոց թագավորների իշխանությունը, բացառությամբ առաջին Արշակունիների, ժառանգական էր և անցնում էր հորից ավագ որդուն: Արտաշիսյան թագավորները Տիգրան Մեծից սկսած մեծ մասամբ կրում էին արքայից արքա, այսինքն թագավորների թագավոր տիտղոսը: Որոշ Արշակունիներ և Մեծ Հայքում գահակալած Սասանյաններ կրել են Մեծ Հայաստանի մեծ թագավոր տիտղոսը: Հայոց թագավորներից մի քանիսն ունեցել են Աստված կոչումը, որի նպատակն էր թագավորական իշխանության փառաբանումը և նրա հեղինակության բարձրացումը (օրինակ՝ Տիգրան Մեծը):

Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով: Արքունիքը ներկայացնում էին թագավորը, նրա որդիներն ու եղբայրները, արքունի գործակալները, մեծամեծ իշխանները և արքունի պաշտոնեությունը: Արքունի գործակալներին սկզբում նշանակում էր թագավորը, և նրանք իրականացնում էին երկրի բարձրագույն իշխանությունը տնտեսական, ֆինանսական, դատական և այլ բնագավառներում: Ավելի ուշ գործակալական իշխանությունը դարձավ այս կամ այն նախարարական ընտանիքի ժառանգական իրավունքը: Գործակալությունները, որ համապատասխանում էին մերօրյա նախարարություններին, հավանաբար մեկ տասնյակից ավելի էին:

Գործակալությունների մեջ իր կարևորությամբ և նշանակությամբ առանձնանում էր հազարապետությունը: Այն բնակչությունից գանձում էր հարկերն ու տուրքերը, իրականացնում էր նոր քաղաքների ու ամրոցների հիմնադրումը, կառուցում էր ճանապարհներ ու ջրանցքներ և կատարում տնտեսական այլ գործառույթներ: Կարևոր գործակալություն էր սպարապետությունը: Պատերազմի ժամանակ սպարապետը թագավորի անմիջական օգնականն էր, զորքի փաստական հրամանատարը: Նա էր իրականացնում զորքի ռազմամթերքի և պարենի մատակարարումը:

Արքունիքում կարևոր դեր ուներ թագավորի թիկնապահ հեծելազորը կամ մաղխազական գունդը, որն ապահովում էր թագավորի և արքունիքի անվտանգությունը: Տասհազարանոց թիկնապահ գնդի 6000 մարտիկներ պատերազմի ժամանակ մշտապես ուղեկցում էին թագավորին և մասնակցում պատերազմական գործողություններին:

Երկրում խիստ բարձր էր քրմապետի հեղինակությունը, որն ընտրվում էր սովորաբար թագավորի եղբայրներից, հանդիսանում էր հեթանոսների կրոնական առաջնորդը, վարում էր մեծ դատավարություն գործակալությունը և թագավորի թիվ մեկ խորհրդատուն էր: Նրա ենթակայության տակ էին թագավորական տաճարների կալվածքներն ու դարերով կուտակված հարստությունները:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ