Հայաստանը հին շրջանումՊետական կարգըՀին Հայաստանի տարածքը, վարչական բաժանումը և բանակը

Հին Հայաստանի տարածքը, վարչական բաժանումը և բանակը

Հայաստանի Երվանդականների թագավորությունը միակ պետությունն էր, որ իր մեջ միավորեց հայկական բոլոր հողերը: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների նախօրյակին կամ Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանի տարածքում ծնունդ առան Մեծ և Փոքր Հայքի թագավորությունները, որոնցից առաջինը գոյատևեց մինչև 428 թ.: Արտաշես Ա-ի օրոք Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Կասպից և Սև ծովի ափերը, տիրացավ Արևելյան Վասպուրականին և Ուրմիո լճի արևմտյան առափնյա մասին, ինչպես նաև մինչև Տիգրիս գետն ընկած հողերին: Որոշ բացառություններով այդ կացությունը պահպանվեց մինչև Մեծ Հայքի թագավորության 387 թ. բաժանումը:

Սկզբնական շրջանում Մեծ Հայքի թագավորությունը վարչական առումով բաժանվում էր գավառների, որոնք, ինչպես նշել ենք, հունա-հռոմեական հեղինակները անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Նրանց կառավարիչներն սկզբում կոչվում էին նախարար կամ ստրատեգոս: I դարում, ինչպես հավաստում է Պլինիոս Ավագը, Մեծ Հայքը բաժանված էր 120 ստրատեգիաների: Դժվար չէ տեսնել, որ նախարարը սկզբում նշանակովի պաշտոնյայի անվանում է եղել (ինչպես և մեր օրերում), իսկ հետո, միջնադարում, նախարարն արդեն նշանակում էր իշխան:

I դարի երկրորդ կեսին Մեծ Հայքը բաժանվեց նահանգների կամ աշխարհների, որոնց թիվը սկզբում 20 էր: Հունա-հռոմեական աղբյուրները դրանք անվանում են ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Վերջիններս ունեին իրենց դիվանատները (գրասենյակները)՝ ֆինանսական և այլ վարչություններով: Գավառների վարչական միավորները գյուղական համայնքներն էին, որոնց գլուխ կանգնած էր գեղջավագը՝ պետական ստորադաս պաշտոնյան: Նա իրականացնում էր հարկերի գանձումը, պարհակների կատարումը, առուների ու գյուղական ճանապարհների անցկացումը, բանակի համար զինվորների հավաքագրումը և այլն:

Պետական իշխանության կարևորագույն մասն էին կազմում թագավորական զինված ուժերը կամ բանակը: Վերջինս որպես կանոն հավաքագրվում էր հայերից, չնայած արքունիքին կից մարդպետական գունդը հավաքագրվում էր մարդ ցեղի ներկայացուցիչներից: Տիգրան Մեծի տերության շրջանում 300-հազարանոց հայկական բանակը կազմված էր ոչ միայն հայերից, այլև նվաճված ու ենթակա երկրների բնակչությունից, ինչպես նաև դաշնակից ցեղերի ներկայացուցիչներից: Ինչպես հավաստում է «Զորանամակ»-ը, հայկական բանակն ուներ 120 հազար մարտիկ, որից 4 բյուրը արքունական զորքերն էին, որոնք բդեշխների գլխավորությամբ իրականացնում էին երկրի սահմանների պաշտպանությունը: Հայոց բանակը ռազմակալող զորամասեր ուներ հարևան Վիրքի և Աղվանքի թագավորություններում: Իշխանական զորաջոկատները մարտի դաշտում առաջնորդվում էին չորս սպարապետների կողմից, որոնք ենթարկվում էին ընդհանուր սպարապետին:

Զորքի գլխավոր հարվածային ուժը հեծելազորն էր, որը զինված էր նիզակներով, սրերով, վահաններով և նետ ու աղեղներով: Հեծյալն ու ձին մի միասնություն էին կազմում և կոչվում այրուձի: Զրահով պաշտպանված էին թե' հեծյալի և թե' ձիու առավել խոցելի մասերը: Բանակի մեծ մասը կազմում էին հետևակային զորամասերը: Այն բաղկացած էր նետաձիգներից, նիզակակիրներից, սակրավորներից ու տեգակիրներից: Պատերազմի ժամանակ բանակը համալրվում էր աշխարհազորային զորամասերով կամ աշխարհազորով, որը հավաքագրվում էր հասարակ ժողովրդից: Սովորաբար աշխարհազորային զորամասերն առաջնորդում էին գավառակալ իշխանները:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ