Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան Բ-Ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը նպաստավոր էր. Ք.ա. 71 թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Վերջինս մազապուրծ փախել էր Հայաստան և քաղաքական ապաստան ստացել: Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով՝ «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա ... հակահարված կտա նրանց»: Անշուշտ, միամիտ կլինի կարծել, որ եթե Տիգրանը հանձներ Միհրդատին, ապա կարելի էր խուսափել պատերազմից: