Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ 69-67 թթ. և 66 թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով:
Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Սակայն այն իրագործվեց միայն մասամբ: Հռոմեական բանակի ներխուժումը Ք.ա. 69 թ. Հայաստան իրոք որ անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց: Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն: Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց:
Հռոմեական բանակի Հայաստան ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: Մինչև Հայաստան հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը: Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց:
Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին: Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ: ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր: Ըստ Ապիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները: Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր: Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին:
Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը:
Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց: Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր: