Ք.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան: Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Հայաստան ներխուժման պատճառով: Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Հայաստանին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ: Հայաստանը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար:
Պոմպեոսը Ք.ա. 66 թ. սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու: Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները: Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի: Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին: Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում: