Դիոկղետիանոս կայսեր օրոք Հռոմեական կայսրությունը բավականին հզորացավ: Երկիրն սկսեց վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: 287թ. հռոմեական օգնությամբ հայկական գահին վերահաստատվեց Տրդատ Գ Մեծը (իշխել է մինչև 330թ.): Պարսից Ներսեհ Սասանյան արքան, որ մինչ այդ Հայոց թագավորն էր, պարսից արքայից արքա դառնալուց հետո փորձեց վերատիրել Մեծ Հայքի թագավորությանը: Սակայն նա 297թ. հռոմեա-հայկական զորքերից ծանր պարտության կրեց և ստիպված եղավ կնքել Մծբինի 40-ամյա, իր համար նվաստացուցիչ հաշտությունը: Մեծ Հայքի թագավորությունը կրկին իր արժանավոր տեղն զբաղեցրեց Առաջավոր Ասիայի քաղաքական թատերաբեմում: Ուժեղացավ թագավորական իշխանությունը:
Հռոմեական կայսրությունում գնալով ուժեղանում էին նոր վարդապետության՝ քրիստոնեության հետևորդների դիրքերը: Քրիստոնեությունը, որն սկիզբ էր առել I դարում Պաղեստինում, II-III դդ. ընթացքում լայնորեն տարածվում է Հռոմեական կայսրության մեջ և Մերձավոր Արևելքում: Նոր վարդապետության հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր: Սկզբում բոլոր այն պետություններում, ուր տարածվում էր նոր կրոնը, նրա հետևորդներին վերաբերվում էին թշնամաբար, հալածում ու կոտորում՝ փորձելով արմատախիլ անել այս նոր շարժումը: Հալածանքները մեծ թափ ընդունեցին Դիոկղետիանոս կայսեր օրոք: Սակայն նոր վարդապետությունը գնալով ծավալվում էր՝ ներառելով նորանոր մարդկանց, ժողովուրդներ և երկրներ:
Քրիստոնեությունն իր հետևորդներին քարոզում էր համակերպվել կյանքի դժվարություններին, հավատարմորեն ծառայել տերերին: Քրիստոնեական եկեղեցին ուժեղ կառույց էր, ուստի պետությունները մեկը մյուսի հետևից սկսեցին փոխել իրենց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և այն հռչակել սկզբում որպես իրավահավասար, ապա՝ պետական պաշտոնական կրոն: