Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում Հայոց եկեղեցին առաջատար դիրքեր գրավեց հայ հասարակության մեջ: Այն մեհյանների կալվածքներից ու հարստություններից բացի, հողային մեծ նվիրատվություններ ստացավ Տրդատ Մեծից ու նրա հաջորդներից: Հայոց եկեղեցին վերածվեց տնտեսական հզոր ուժի: Ժողովուրդը պարտավոր էր եկեղեցուն հանձնել բերքի մեկ տասներորդը կամ տասանորդը և վճարել պտղի: Եկեղեցին շատ շուտով դարձավ երկրի խոշորագույն ավատատերերից մեկը, որի կալվածքները զիջում էին միայն թագավորական տիրույթներին: Միայն Ներսես կաթողիկոսի օրոք կաթողիկոսական կալվածքները սփռված էին 15 գավառներում:
Արդեն Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը: Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ, որոնց գլուխ կանգնած եպիսկոպոսները եկեղեցական արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում: Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծված էին Վիրքի և Աղվանքի համար:
Անուրանալի է հայ քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման ծանրությունը և ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը: Դարեր շարունակ այն ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով: