Հայաստանը վաղ միջնադարումՎարդանանց պատերազմըԿրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը

Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին:

449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ:

Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով, հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը:

Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերը ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ