Հայաստանը վաղ միջնադարումՎարդանանց պատերազմըԱպստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Դրա հետևանքով երկրում սկիզբ էին առել տարերային հուզումներ, որոնց գլուխ էր անցել հայ հոգևորականությունը: Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:

Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները Ղևոնդ Երեցի գլխավորությամբ դագանակներով զինված հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ: Համաժողովրդական շարժումը թևակոխեց նոր փուլ՝ վերածվելով կազմակերպված ապստամբության:

Երկրի ճանաչված ղեկավարներից սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:

Ապստամբության ոգին համակել էր բոլորին: Ժողովրդի տարբեր խավերին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ համընդհանուր ատելությունը: Ապստամբներն ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ: Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ