Հայաստանը վաղ միջնադարումՎարդանանց պատերազմըԱվարայրի ճակատամարտը

Ավարայրի ճակատամարտը

Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451 թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:

Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը: Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը:

Կռվից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Վայոցձորեցին և Ղևոնդ Երեցը քաջալերեցին հայոց զորքին ՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ: «Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»,- այս խոսքերով դիմեց սպարապետն իր զորքին:

451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը: Մուշկան Նյուսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը, օգնության եկավ Մատյան գունդը: Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- այս էր նրանց նշանաբանը: Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին: Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ:

Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել: Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Այդ ի նկատի ունենալով՝ ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը գրում է. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»:

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն: Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը: Պարսիկներին ծանր հարված հասցրեցին նաև հոները:

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից: Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին: Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը: Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին: Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից: Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին: Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն:

Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը: Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ