Հայաստանը ուշ միջնադարումՀայաստանը XV դարումԵրևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը

Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը

Ջհանշահը նույնպես իր պետության կենտրոն դարձրեց Թավրիզը։ Արևելյան Հայաստանից և այսրկովկասյան երկրներից կազմեց առանձին կուսակալություն, որի կուսակալը նստում էր Նախիջևանում։ Կուսակալությունն իր հերթին բաժանվեց մի քանի վարչական շրջանների։ Հյուսիսարևելյան Հայաստանի վարչական կենտրոն դարձավ Երևանը։ Դրա շնորհիվ, սկսած XV դ. 40-ական թվականներից, Երևանը դառնում է Այրարատյան դաշտի և ամբողջ Արևելյան Հայաստանի՝ այդ թվում Արցախի կենտրոն։ Դրանից հետո Երևանն աստիճանաբար վերածվում է Հայաստանի կարևոր տնտեսական և մշակութային կենտրոնի։

Չնայած 1426թ. ընկավ Մակուի հայկական իշխանությունը, այնուամենայնիվ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ Սյունյաց, Արցախի և մասամբ Վասպուրականի հայ իշխանական տները։ Թեև մահմեդական իշխանությունների բռնաճնշումների հետևանքով Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանն իր ավելի քան 6.000 տուն հպատակներով ստիպված տեղափոխվել էր Լոռի, որոշ ժամանակ անց նրա որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի Ռուստամ Օրբելյանը, նշանակվեց Այրարատյան երկրի կառավարիչ՝ նստավայր ունենալով Երևանը։ Գործելով հույժ ճկուն՝ Ռուստամը էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։

Հայ իշխանական տների վիճակը բավականին կայունացավ Ջհանշահի իշխանության տարիներին։ Նրա օրոք Գեղամա երկրի, Վայոց ձորի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի և մի քանի այլ վայրերի իշխանական տները կարողացան վերականգնել իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։ Շարունակվեց Երևանի տնտեսական վերելքը։ Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ Նրանք ոչ միայն նպաստում էին եկեղեցիների կառուցմանը, այլև պայմաններ ստեղծում այլ շինարարական աշխատանքների համար։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ Աղթամարի Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները` ներկայանալով որպես Գագիկ Արծրունու սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Բանն այնտեղ հասավ, որ Զաքարիա կաթողիկոսը պարտության մատնեց քրդական ռոժոկ ցեղին՝ գրավելով նրանց լաստանավերն ու ազատելով Աղթամարը կողոպուտի ենթարկվելուց։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող մահմեդական իշխողներին հաշտեցնողի դերում։ Հայկական իշխանությունների վիճակն ավելի ծանր էր Արևմտյան Հայաստանում։ Այդուհանդերձ, շարունակում էին գոյատևել Համշենի, Սասունի, Խութի, Տարոնի, Մոկսի, Շաւոախի և մի քանի այլ հայկական իշխանություններ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ