Ջհանշահի իշխանության տարիների հարաբերական խաղաղ շրջանը երկար չտևեց։ Ակ-կոյունլուները, որ հաստատվել էին Աղձնիքում, Ծոփքում ու Տուրուբերանում, Ջհանշահի ժամանակ հարկատու դարձան կարա-կոյունլուներին։ Սակայն Ջհանշահի մահից հետո ակ-կոյունլու Ուզուն-Հասան սուլթանը պատերազմ սկսեց կարա-կոյունլուների դեմ և հաղթելով տիրացավ նրանց տերությանը։ Հիմք դրվեց ակ-կոյունլուների ընդարձակ տերությանը (1468-1502թթ.), որի մեջ մտավ նաև Հայաստանը։
Ակ-կոյունլուների հաղթանակում կարևոր նշանակություն ունեցավ նրանց նկատմամբ հայերի դրական վերաբերմունքը։ Հայերը, նպաստելով նրանց հաղթանակին, հույս ունեին բարելավել իրենց վիճակը։ Համենայն դեպս, Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Նրա օրոք տերության տնտեսությունը վերականգնելու համար ձեռնարկվեցին բարեփոխումներ։ Անցկացվեց աշխարհագիր (մարդահամար)՝ կարգավորելու հարկերն ու տուրքերը։ Հարկման ենթակա էին 15-60 տարեկան տղամարդիկ։ Ճշգրտվեց հարկերի չափը։ Հարկահավաքման տեղական պաշտոնները վստահվեցին հիմնականում հայերին։ Սակայն Ուզուն-Հասանից հետո վիճակը ծանրացավ։ Ներքին հակասություններից ծվատվող ակ-կոյունլուների պետությունն ընկավ՝ իր տեղը զիջելով Սեֆյան Պարսկաստանին։
Քոչվոր կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների շուրջ 100-ամյա բիրտ տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։
Երկրի համար հատկապես ծանր հետևանքներ ունեցավ քաղաքային կյանքի անկումը և տնտեսության քայքայումը։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։ Թովմա Մեծոփեցու խոսքերով՝ մի քաղաք և մի քանի գյուղ միասին այնքան միջոց չունեին, որ թշնամուց հետ գնեին գոնե մեկ գերի։
Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։ Քոչվորները հայ բնակչությանը դուրս էին մղում հարթավայրային շրջաններից, որի արդյունքում հայերը հիմնականում կենտրոնացան նախալեռնային և լեռնային շրջաններում՝ ապաստանելով երկրի թեկուզև ոչ արգասաբեր, սակայն դժվարամատչելի վայրերում։
XV դ. հայոց պատմության ամենամռայլ և մղձավանջային էջերից է։