Հայաստանը ուշ միջնադարումԱմենայն հայոց կաթողիկոսության վերահաստատումը ԷջմիածնումԱմենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում

Ամենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում

XV դ. առաջին կեսին, երբ արդեն ընկել էր Կիլիկիայի հայկական թագավորությունը, իսկ բուն Հայաստանում պահպանվում էին միայն հայկական իշխանությունների բեկորները, Սիս քաղաքում գտնվող Հայոց կաթողիկոսությունը հայտնվել էր գրեթե անպաշտպան վիճակում։ Վերջինիս վիճակն ավելի ծանրացավ, երբ 1426թ. Կոստանդին իշխանն իր հազարավոր հպատակներով Կիլիկիայից տեղափոխվեց Կիպրոս։ Ստեղծված պայմաններում հայ բնակչության և հոգևորականության մեծ մասի մոտ առաջացավ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը կրկին Սուրբ Էջմիածին տեղափոխելու խնդիրը։ Երևանը դարձել էր Արևելյան Հայաստանի քաղաքական ու վարչական կենտրոնը, դրանով իսկ անհրաժեշտ դարձնելով կաթողիկոսության վերահաստատումն Էջմիածնում։

Էջմիածնում «թագավորական աթոռն ու կաթողիկոսական գավազանը» վերականգնելու խնդիրը բարձրացվել էր Սյունյաց միտրոպոլիտ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Նման ծրագիր են ունեցել Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Պատճառն այն էր, որ Կիլիկիայի հոգևոր գործիչների մեծ մասը տրամադիր էր միաբանվելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ՝ ակնկալելով նրա օժանդակությունը։ Սին հույսեր էին փայփայվում, որ քրիստոնյա Եվրոպան կպաշտպանի հայերին մահմեդականների բռնաճնշումներից։ Սսի կաթողիկոսության արևմտամետ վարքագիծը ոչ միայն հարվածի տակ էր դնում Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, այլև նախադրյալներ էր ստեղծում նրա և հայության պառակտման համար։ Այդ պայմաններում հատկապես բուն Հայաստանի հոգևորականությունը հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Սիսից Էջմիածին տեղափոխելու պահանջով։ Կաթողիկոսության տեղափոխման գործը ղեկավարեցին Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին։

Նրանք ստացան հայ աշխարհիկ և հոգևոր գործիչների, այդ թվում նաև Աղթամարի կաթողիկոսի, ինչպես նաև Կիլիկիայի կրոնավորների մի մասի համաձայնությունը։ 1440թ. նրանք Գրիգոր կաթողիկոսից պահանջեցին Սիսից տեղափոխվել Էջմիածին։ Մերժում ստանալով՝ Թովմա Մեծոփեցին և Հովհաննես Հերմոնեցին 1441թ. հայ բարձրաստիճան հոգևորականների և աշխարհիկ իշխանների մասնակցությամբ՝ թվով շուրջ 300 մարդ, ժողով հրավիրեցին նախ Երևանում, ապա Էջմիածնում կաթողիկոսության հարցը վճռելու համար։ Նրանք նախօրոք ստացել էին Այրարատյան նահանգի կուսակալի համաձայնությունը։ Ժողովը որոշեց Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրել Կիրակոս Վիրապեցուն։ Շուրջ 1000 տարվա ընդմիջումից հետո Սբ Էջմիածնում վերահաստատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսությունը։

Այս իրադարձությունը սոսկ կրոնական-եկեղեցական բնույթ չուներ, այլ ձեռք էր բերում քաղաքական կարևոր նշանակություն։ Նպատակը նաև պապականության և եվրոպական քաղաքական ազդեցությունից հայերին հեռու պահելն էր։ Մյուս կողմից, Հայաստանին տիրող մահմեդական տիրակալներն անհանգստություն չէին ունենա հայերի արևմտամետությունից։

Ամենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում ունեցավ մեկ այլ կարևոր նշանակություն ևս։ Այն դարձավ աշխարհով մեկ սփռված հայությանը հայրենիքի հետ կապելու հզոր միջոց։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ