Մի քանի տարի անց Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողով, որի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն էր։ Ժողովականները գտնում էին, որ պետք է նոր խնդրագիր ուղարկել Հռոմի պապին ու Վենետիկի հանրապետությանը։ Անհրաժեշտ էր նրանց համոզել, որպեսզի ձեռնամուխ լինեն Հայաստանի ազատագրության գործին։
Խնդրագիրը Եվրոպա տարավ բանիմաց և աշխարհ տեսած մի մարդ՝ Աբգար Եվդոկացին։ 1563թ. Աբգարը տեսակցել է Վենետիկի հանրապետության ղեկավարության, իսկ 1564թ.՝ Հռոմի պապի հետ։ Հակառակ հայերի ակնկալիքների, Հռոմի պապն այս անգամ էլ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց Հայաստանի ազատագրության ուղղությամբ՝ պահանջելով միայն դավանաբանական զիջումներ։ Կաթոլիկ Արևմուտքը պատրաստ չէր քաղաքական լուրջ երկխոսության, նրան առաջին հերթին հետաքրքրում էին դավանաբանական խնդիրները, Հայոց եկեղեցին Հռոմին ենթարկելը։ Իսկ հայկական կողմն էլ, հույսը դնելով միայն եվրոպական օգնության վրա, թերագնահատում էր սեփական ուժերը Հայաստանի ազատագրության գործում։