Արցախի հայկական զորամիավորումները կարևոր դեր կատարեցին Արցախը թուրքական զավթիչներից պաշտպանելու գործում:
Թուրքական զորքերն այնտեղ առավել համառ և կազմակերպված դիմադրության հանդիպեցին: 1724թ. Արցախի ազատագրական ուժերը թուրքական բանակների դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Արցախի զորահրամանատարները օսմանյան բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ արեցին նաև պարսկական իշխանություններին: Արցախի մելիքությունները միասնական վճռականությամբ պատրաստ էին դիմագրավել օտար հարձակումներին և ավերումներից պաշտպանել սեփական երկիրն ու ժողովրդին: Հայոց պայքարին օժանդակելու խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը: Այդ ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին: