1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվէլ է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից, թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:
Հայ բնակչությանը մնում էր միայն իր իրավունքները պաշտպանել զինված պայքարի միջոցով: Զոհված հայդուկներին փոխարինելու են գալիս նորերը: Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:
Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում: Նման բացահայտ մարտահրավերով Անդրանիկը և Գևորգ Չաուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է:
1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:
Օսմանյան իշխանությունները, տեղեկանալով այդ մասին, զորք են ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Եկուստեք փոխհրաձգություն է սկսվում: Չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս:
Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:
Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:
Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: Ուստի Անդրանիկն ու իր զինակիցները որոշում են ճեղքել պաշարումը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:
Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին: Սկսվում է հայկական ուժերի համախմբում: Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով կազմվում է ղեկավար կենտրոն: