Հայաստանը XX դարի սկզբինԿրթություն: ԳիտությունԴպրոցը

Դպրոցը

Հայ կրթական գործը որոշակի հաջողություններ ու դժվարություններ ուներ ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանում։ Այս շրջանում ևս ուսուցման տարածված տեսակը եկեղեցիներին առընթեր ծխական դպրոցներն էին, որոնք անմխիթար վիճակում էին։ Գյուղերի մեծ մասը դպրոց չուներ։ Ուսուցիչների մեծ մասը թերի միջնակարգ կրթություն ուներ և գտնվում էր նյութական ծանր կացության մեջ։

Ցարական կառավարությունը ռուսացման քաղաքականություն վարելով խոչընդոտում էր կրթության գործին։ Հատկապես 1880–1890-ական թվականներին իշխանությունները բռնությամբ փակեցին հայկական շատ դպրոցներ։ Այդուհանդերձ հասարակական կյանքի ընդհանուր առաջընթացը կատարում էր իր դերը։ Հենց այդ նույն տասնամյակներին հրապարակ եկան բարեգործական և հասարակական այլ կազմակերպություններ, որոնք մեծապես նպաստում էին կրթական գործին։ Հատկանշական է, որ դարի երկրորդ կեսին հիմնվեցին ուսումնակրթական նոր կենտրոններ։ 1874թ. բացվեց Էջմիածնի ճեմարանը, որը իր հիմնադրի՝ Գևորգ IV կաթողիկոսի անունով կոչվեց Գևորգյան ճեմարան։ Կրթական այս կենտրոնը բեղուն գործունեություն ունեցավ և տվեց մշակույթի, մանկավարժության շատ նշանավոր գործիչներ։ Կոստանդնուպոլսում բացվեց Կեդրոնական, Վանում՝ Երեմյան վարժարանները, Նոր Նախիջևանում՝ թեմական, Էրզրումում՝ Սանասարյան դպրոցները, իսկ Երևանում՝ գիմնազիա։ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Ախալցխայում, Ալեքսանդրապոլում և այլ տեղերում բացվեցին իգական դպրոցներ։ Կրթական-լուսավորական իրենց առաքելությունները լավագույնս իրականացնում էին դարի առաջին կեսին հիմնված Մոսկվայի Լազարյան ճեմարանը և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 90-ական թվականների կեսերին երկրամասի դպրոցներում սովորում էին 30 հազարից ավելի հայ աշակերտներ։

Հայկական դպրոցներ են հիմնվում նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի և այլ երկրների հայկական գաղութներում։ Այդ դպրոցներից Մխիթարյանների Փարիզի Մուրադյան և Վենետիկի Ռաֆայելյան վարժարանները 1870թ. Վենետիկում միավորվեցին՝ կազմելով Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը։ Այս վարժարանի հեղինակությունը աստիճանաբար այնքան բարձրացավ, որ իտալական կառավարությունը նրան շնորհեց պետական միջնակարգ դպրոցի կարգավիճակ։

Ծխական դպրոցներում դասավանդում էին հիմնականում կրոն և հայոց լեզու, իսկ մյուս ուսումնական օջախներում՝ նաև պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, օտար լեզու, վայելչագրություն, երգեցողություն և այլ առարկաներ։

Մանկավարժական բեղմնավոր աշխատանք են կատարել, դպրոցական ծրագրեր, դասագրքեր կազմել Մ. Մամուրյանը, Պ. Շանշյանը, Ղ. Աղայանը, Ա. Բահաթյանը, Ռ. Պերպերյանը, Ստ. Մալխասյանը և շատ ուրիշներ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ