Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ հարկադրանքի, բռնության մեջ։ Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ։ 1920 թ. դեկտեմբերին և 1921թ. հունվարին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ։ Աքսորյալների թվում էին գեներալներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ։
1923թ. Դաշնակցություն կուսակցության «ինքնավերացման» համագումարից հետո, երբ արդեն ինքնաբացահայտվել և ցուցակավորվել էին այդ կուսակցության մի քանի հազար անդամներ, պատժիչ մարմինների գործը բավական հեշտացել էր։ 1920-ական թվականների երկրորդ կեսին և հետագայում մի քանի շուրջկալներ կազմակերպվեցին, և հարյուրավոր դաշնակցականներ, որոնց մի մասը իսկապես հրաժարվել էր կուսակցությունից, մեկուսացվեցին։
1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան։
Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին իբրև «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից։ Միայն 1930թ. առաջին կեսին Հայաստանում ունեզրկվել և արտաքսման էր ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություն։
Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցուն։ Հարձակում իրականացվեց եկեղեցու և վանքերի հարստությունների վրա։ Նրանց անշարժ գույքը (կալվածքները) բռնագրավելուց հետո կողոպտվեցին մյուս հարստությունները։ Փակվեցին շատ եկեղեցիներ։
1926թ. որոշում ընդունվեց նաև այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը նշելուց։ Ընդ որում, խորհրդայնացումից ի վեր պետական կարգով այն չէր նշվում։
Մինչև 1937թ. վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ Փաստորեն հատուկենտ եկեղեցիներ էին գործում։ Իսկ 1930–1938թթ. բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, նրանցից 91-ը գնդակահարվել էին։
ՀԿ(բ)Կ Կենտկոմը 1938թ. օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին։ Էջմիածինը փաստորեն զրկվել էր սփյուռքի հետ կապվելու, իր թեմերը ղեկավարելու հնարավորությունից։ Հայոց եկեղեցին ապրում էր ծանր օրեր։ Միայն վերահաս Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով փոփոխված իրադրությունը կանխեց այդ որոշման կենսագործումը։ Հայոց եկեղեցու գոյատևումը շարունակվեց, մեղմացավ ու փոխվեց քաղաքականությունը նրա նկատմամբ։
1930-ական թվականների կեսերին, երբ Ի. Ստալինի պաշտամունքը լիովին ձևավորվել էր, երկրում ծավալվեց կամայականությունների ու բռնությունների նոր ալիք։ 1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»։
Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) կուսմարզկոմի քարտուղար Ս. Կիրովի սպանությունն (1934թ.) օգտագործվեց բռնություններին նոր թափ հաղորդելու համար։ Բանտեր և աքսորավայրեր նետվեցին անմեղ մարդիկ։
ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, 35-ամյա Աղասի Խանջյանի սպանությունը, որը տեղի ունեցավ 1936թ. հուլիսին Թիֆլիսում, օգտագործվեց բռնությունները ծավալելու համար։ Նա ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրային կոմիտեի քարտուղար, Ի. Ստալինի դրածո Լ. Բերիայի զոհն էր։ Վերջինս հետագայում մերկացվեց և գնդակահարվեց, բայց մինչ այդ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմի պաշտոնում հասցրեց մեծ չարագործություններ կատարել։
1936թ. օգոստոս-սեպտեմբերին Հայաստանում տեղի ունեցան նոր զանգվածային ձերբակալություններ։ Դրանք սկսվեցին մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսես Ստեփանյանի նկատմամբ շինծու գործով ու ձերբակալությամբ։ Մի գործ, որն անձամբ ղեկավարում էր ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Նա հորինեց նաև մեկ այլ խմբի կեղծ գործ, որի մեջ էին գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին և ուրիշներ։
1937թ. օգոստոսին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկի լուսամուտից իրեն դուրս նետեց (կամ դուրս նետեցին) Հայաստանի կառավարության նախկին նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը։ Այդ առիթով Ի. Ստալինը նամակով դիմեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյին՝ պահանջելով խստացնել պայքարը «հայ ժողովրդի թշնամիների» դեմ, որոնք իբրև թե ազատորեն թրև են գալիս և վնաս հասցնում ժողովրդական տնտեսությանը։ Դրա հետևանքով ուժեղացան բռնությունները։
Պատժիչ մարմինների, մատնիչների աչքից չվրիպեցին նաև գյուղատնտեսության, դպրոցի աշխատողները, ուսանողները։
Միայն 1937թ. Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ։ Նրանց 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում։
Բռնաճնշումների ծավալումը չէր կարող դառնալ անվերջ, մանավանդ երկրի միջազգային դրության սրվելու պայմաններում։ Ուստի 1938թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատուկ որոշումներով տեղի ունեցավ որոշ մեղմացում։
Դրա հետևանքով քաղաքական մեղադրանքներով խորհրդային անմեղ մարդկանց բռնությունները նվազեցին, բայց լիովին չդադարեցին, ինչպես Հայրենական պատերազմի տարիներին, այնպես էլ դրանից հետո։ Իսկ 1949 թ. մարդկանց մեծ խմբեր աքսորվեցին Ալթայի երկրամաս։
Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց։
Այս ամենը հնարավոր դարձավ անսանձ բռնության ու ամբողջատիրության պատճառով, ժողովրդավարության բացակայության պայմաններում։ Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն նրա մահից հետո (1953թ.)։