Խորհրդային իշխանության հաստատումով նոր փուլ էր սկսվում դարավոր հայ մշակույթի զարգացման համար։ Այն դարձավ պետության քաղաքականության կարևոր բնագավառներից մեկը։
Խորհրդային իշխանությունը ծրագրում էր իրականացնել վիթխարածավալ խնդիրներ ոչ միայն մշակույթի, այլև տնտեսության, պետական շինարարության և մյուս բնագավառներում։ Այդ խնդիրների հաջող լուծման կարևոր երաշխիքներից էր կադրերի հարցի լուծումը։
Անգրագիտության վերացումը նպատակ ուներ հանրապետության աշխատավորական լայն խավերին հնարավորություն տալ, որպեսզի նրանք գործուն մասնակցություն ունենան երկրի քաղաքական ու մշակութային կյանքին։
Հայաստանի խորհրդային իշխանությունը իր ձեռքը վերցրեց կրթության ամբողջ գործը և ձեռնամուխ եղավ կրթական նոր համակարգի ստեղծմանը։
Հայաստանի բարձրագույն կրթության առաջնեկը Երևանի պետական համալսարանն է, որը, Երևանի ժողովրդական համալսարան անունով, հիմնադրվել է 1919թ.։