Խորհրդային պարտիզանների շարքերում քիչ չէին նաև հայ ժողովրդի զավակները։ Հայ պարտիզանների հիմնական զանգվածը կազմում էին ռազմագերիները և թշնամու ռազմակալած տարածքների (Ղրիմ, Հյուսիսային Կովկաս) հայկական բնակավայրերի բնակչությունը։ Հայ ռազմագերիները պարտիզանության են դիմել երկու ճանապարհով՝ փախուստով համակենտրոնացման ճամբարներից (փոքր մասը) և հայկական լեգեոնից (մեծ մասը)։
Պատերազմի սկզբնական շրջանում խորհրդային բանակը նահանջում էր՝ տալով մեծ կորուստներ, այդ թվում և գերիներ։ Գերմանական հրամանատարությունը խորհրդային ռազմագերիներից կազմակերպեց ազգային լեգեոններ՝ դրանց ռազմաճակատ ուղարկելու և այլ նպատակներով օգտագործելու համար։ 1942թ. կազմակերպվեց նաև 12 գումարտակից բաղկացած հայկական լեգեոնը։ Այդ գործին մասնակից դարձան մի խումբ հայ ազգային գործիչներ (Դրո, Արտաշես Աբեղյան, Գարեգին Նժդեհ և ուրիշներ)։ Լեգեոնի միջոցով նրանք ձգտում էին ֆաշիստական հնարավոր ճնշումներից պաշտպանել հայ ժողովրդին, եթե պատերազմն ավարտվեր Գերմանիայի հաղթանակով։
Թշնամու թիկունքում գործել են «Հաղթանակ», Միկոյանի անվան, 10-րդ, 41-րդ, «Կարմիր աստղ» պարտիզանական ջոկատները, որոնց անձնակազմը բաղկացած էր հայերից։
Շատ հայ մարտիկների և հրամանատարների վիճակվեց կռվել Եվրոպայի պարտիզանական-դիմադրական շարժման մասնակիցների շարքերում։ Նրանք մեծ թիվ էին կազմում Ֆրանսիայում կազմավորված խորհրդային առաջին պարտիզանական գնդում։ Մի խումբ ռազմագերիներ ֆաշիստների դեմ խռովություն կազմակերպեցին Հոլանդիայում։ Հայ պարտիզաններ են գործել Լեհաստանում, Հունաստանում, Չեխոսլովակիայում, Իտալիայում և այլ երկրներում։
1945թ. մայիսին Բեռլինի ճակատամարտում խորհրդային բանակի տարած հաղթանակով վերջացավ Հայրենական մեծ պատերազմը։ Մայիսի 9-ը դարձավ խորհրդային ժողովուրդների տարած պատմական մեծ հաղթանակի տոնական օր։ 1945թ. սեպտեմբերին ճապոնիան, որի դեմ ԽՍՀՄ-ը ևս մտավ պատերազմի մեջ, նույնպես անձնատուր եղավ։ Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը դաշնակից երկրների (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ) հաղթանակով, որում վճռական էր ԽՍՀՄ-ի դերը։