Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ինչպես ասվեց, Օսմանյան կայսրության իշխանությունները, ձգտելով վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և «լուծել» Հայկական հարցը, 1915թ. երկրի ողջ տարածքով մեկ իրականացրին հայերի ցեղասպանություն և բռնագաղթ։ Այդ ոճրագործ քաղաքականության հետևանքով հայությունը կորցրեց շուրջ 1,5 մլն մարդ, իսկ մնացած մասը հարկադրված էր գաղթել հայրենիքից։ Շուրջ 350 հազ. հայ փրկվեց, պատերազմի տարիներին Թուրքիայի սահմանամերձ շրջաններից գաղթելով Ռուսաստանի կայսրություն, նախ և առաջ Արևելյան Հայաստան, ուր նրանք հետագա տարիներին մեծ և կարևոր դեր խաղացին Հայաստանի առաջին և երկրորդ (խորհրդային) հանրապետությունների կայացման գործում։
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո (1918թ.) հայությունը սկսեց վերադառնալ հայրենիք՝ ազատագրված Կիլիկիա։ Սակայն, երբ 1921-ի վերջին Ֆրանսիան դուրս հանեց իր զորքերը Կիլիկիայից և հանձնեց այն քեմալականներին, հայերը հարկադրված եղան վերջնականապես հեռանալ այնտեղից։ Հայ գաղթականները ստիպված էին հաստատվել տարբեր երկրներում՝ դրանով իսկ սկիզբ դնելով հայկական սփյուռքին։
Ի տարբերություն հայ գաղթաշխարհի պատմության նախորդ շրջանի, 1915–1922 թթ. հետո առաջին անգամ էր, որ.
ա) հայկական ազգային տարածքներում՝ Արևմտյան Հայաստանում և Հայկական Կիլիկիայում հայ բնակչությունը գրեթե ամբողջովին վերացավ,
բ) հայ ժողովրդի հիմնական զանգվածը հայտնվեց հայրենիքի հայաբնակ մնացած տարածքի՝ Արևելյան Հայաստանից դուրս որպես ազգային փոքրամասնություն՝ աշխարհի տարբեր երկրներում,
գ) ինչպես բռնագաղթածները, այնպես էլ նրանց հետնորդները զրկվեցին հայրենիք՝ Արևմտյան Հայաստան և Կիլիկիա վերադառնալու հնարավորությունից։
Գիտակցելով կատարվածի ճակատագրական նշանակությունը՝ հայերը այդ՝ որակապես նոր գաղթաշխարհը անվանեցին «սփյուռք» (դիասպորա)։ Հատկանշական է, որ մինչ այդ հայերենում «սփյուռք» տերմինը երբեք չէր կիրառվել հայ գաղթաշխարհի նկատմամբ։