(1863—1940)
Ստեփան Մելիքսեթի Աղաջանյանը, հայ նկարիչ է։ ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ (1938)։ Ծնվել է դեկտեմբերի 16–ին, Շուշիում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Շուշվա թեմական դպրոցում (1872—81) և ռուսական ռեալական ուսումնարանում (1881—84)։ 1884-ին մեկնել է Բաքու, 1886-ին՝ Ֆրանսիա, սովորել Մարսելի նկարչական ստուդիայում (1886—90), ապա Փարիզի ժյուլիանի ակադեմիայում (1887—1900), պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում։ Աղաջանյանի ստեղծագործության վրա ազդեցություն է գործել Գ. Կուրբեի ռեալիստական արվեստը։ Դեռևս ակադեմիական գործերում Աղաջանյանը դրսևորել է գեղանկարչական բացառիկ ունակություն, բնորդի ներաշխարհը ռեալիստորեն բացահայտելու կարողություն («Բրետանուհին», 1898, «Ակադեմիական էտյուդ», 1899)։ 1900-ին վերադարձել է Շուշի, ստեղծել հոր և մոր դիմանկարները։
1902–04-ին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, ուր մինչև 1921-ը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու Պետական նկարչական ստուդիայում։ Այդ շրջանում ստեղծած գործերից են «Նկարչի քրոջ աղջիկը» (1907), «Մարուսյան» (1907), «Ս. Ե. Էքմեքչյանի դիմանկարը» (1908), «Ինքնադիմանկար» (1909), «Հյուսնը» (1910), «Ձկնորսը» (1912), «Մտորումներ» (1914), «Տիկին Խաչատրյանի դիմանկարը» (1916)։ Աղաջանյանի կերպարները պատկերված են իրենց ազգային, տարիքային, հոգեբանական հատկանիշներով և նկարչի՝ դեպի աշխատավոր մարդն ունեցած ջերմ վերաբերմունքով։ Դոնի Ռոստովում Աղաջանյանը ստեղծել է նաև մի շարք բնանկարներ, 1912-ից սկսած՝ մանկական դիմանկարներ («Երեխայի գլուխ», 1912, «Գլխարկով տղան», 1912—13, «Տղայի դիմանկար», 1914), որ հազվադեպ երևույթ էր հայ կերպարվեստում։ Նրա գործերը ցուցադրվել են Դոնի Ռոստովի՝ 1907-ից սկզբնավորված «Գարնանային ցուցահանդեսներում» և արժանացել բարձր գնահատանքի։
1921-ին Աղաջանյանը տեղափոխվել է Երևան։ 1922–29-ին պաշտոնավարել է գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) իբրև գեղանկարչության դասատու։ Հոգեբան նկարչի ստեղծագործությունը Սովետական Հայաստանում հարստացել է նոր բովանդակությամբ , արտահայտչամիջոցներով։ Հավատարիմ ռեալիզմի սկզբունքներին, մարդկային կերպարը դիտելով որպես ֆիզիկական ու հոգևոր նկարագրի ընդհանրությամբ անկրկնելի, եզակի անհատականություն, նա պատկերել է վերածնված հայրենիքի մարդկանց։ Երևանում ապրած տարիներին Աղաջանյանը նկատելիորեն լուսավորել է իր գործերի բներանգը՝ դարձնելով այն ավելի թափանցիկ, հնչեղ և արտացոլումներով հարուստ։ Յուրաքանչյուր կերպարում հասել է դիմանկարին անհրաժեշտ հոգեբանական կոնկրետության, կենդանի անմիջականության՝ մեծ ուշադրություն դարձնելով ընդհանրացման և տիպականացման խնդրին։ Լավագույն գործերից՝ «Ինքնադիմանկար», «Նկարչի կինը», «Սեդրակը», «Վասիլը», «Նկարչի քույրը» (հինգն էլ 1926-ին), «Գրող Էմին Տեր-Գրիգորյանը» (1927), «Ղարաբաղցի կինը», «Կոմպոզիտոր Ա. Տեր-Ղևոնդյանը», «Անապաստանը», «Պիոներուհին» (չորսն էլ 1928-ին), «Կոմերիտուհին ընթերցելիս», «Կարմիր բանակայինը» (երկուսն էլ 1930-ին), «Կարմիր հրամանատարը» (1931), «Երաժշտագետ Ս. Մելիքյանը» (1933), «Բժիշկ Հ. Գաբրիելյանը» (1934), «Երգչուհի Բարոնկինան» (1935), «Բլանշը» (1940) և այլ դիմանկարներ իրենց ուրույն տեղն ունեն սովետական կերպարվեստի պատմության մեջ։
Աղաջանյանը կապող օղակ է եղել XIX և XX դդ. հայ նկարիչների միջև՝ նոր բարձրության հասցնելով ազգային ռեալիստական նկարչությունը։ Նա հանրագումարի բերեց իրեն նախորդող հայկական դիմանկարային արվեստի նվաճումները՝ նոր որակի և գեղանկարչական նոր բարձրության հասցնելով այդ ժանրը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1939)։ Մահացել է դեկտեմբերի 13-ին, Երևանում։