Ք.ա. III-II հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխում են բրոնզի դարաշրջան։ Շարունակվում է արհեստների զարգացումը, որոնք լայնորեն ճյուղավորվում են ու մասնագիտացվում։ Մեծ հաջողությունների հասավ հատկապես մետաղագործությունը։ Հայտնագործվեց բրոնզը, որը պղնձի ու անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածք էր։ Այն շատ ավելի կարծր էր պղնձից, հեշտությամբ ենթարկվում էր մշակման, և դրանով անհամեմատ դյուրին էր կտրել ու ծակել քարը, փայտն ու ոսկորը։ Բրոնզի հայտնագործումով զարգացում ապրեց զինագործությունը. այն՝ անջատվելով մետաղագործությունից, վերածվեց առանձին արհեստի։ Աճեցին բրոնզե գործիքների, կենցաղային իրերի ու զարդերի տեսակները, ինչպես նաև նրանց քանակը։ Հայկական լեռնաշխարհը վերածվում է մետաղների խոշոր արտահանող երկրի։
Բնակչության շրջանում սոցիալական անհավասարությունը գնալով ուժեղացավ, խորացավ ցեղային ավագանու հարստացումը, որը խթանեց ոսկերչության և արծաթագործության զարգացումը։ Ոսկուց, արծաթից և թանկարժեք քարերից պատրաստված նրբագեղ զարդերը մեր օրերի մարդկանց անգամ զարմացնում են իրենց կատարելությամբ և կատարողական վարպետությամբ։ Ծաղկեցին փայտի և կաշվի մշակումը, ջուլհակությունը և բազմաթիվ այլ արհեստներ։ Բրոնզի դարին պատկանող հոյակապ զարդեր ու հիանալի գործիքներ են հայտնաբերվել պեղումների ժամանակ Վանաձորում, Քարաշամբում, Լճաշենում՝ Սևանի ափին, և այլ վայրերում։
Արդյունավետ երկրագործության զարգացման գործում հեղաշրջիչ նշանակություն ունեցավ արորի գյուտը։ Այս գյուտի շնորհիվ մարդն սկսեց հաստատվել այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր չէր զբաղվել բրիչային երկրագործությամբ։ Ընդարձակվեցին մշակելի տարածությունները, բարձրացավ բերքատվությունը, մեծապես աճեց բնակչությունը, հանդես եկան խոշոր ու բազմամարդ բնակավայրեր։ Ընդարձակվեց ոռոգման ցանցը։ Ամենուրեք սկսեցին անցկացվել ոռոգիչ առուներ։ Զարգացավ այգեգործությունը, որի առաջին պայմանը ոռոգման ցանցի ընդլայնումն էր։ Հեղաշրջիչ դեր ունեցավ ձիու ընտելացումը, որն սկսեց մեծ դեր խաղալ մարդու կյանքում։