Նախնադարի շրջանում մարդիկ իրար հավասար են եղել, և գոյություն չի ունեցել շահագործում։ Սակայն հասարակական-տնտեսական զարգացման հետևանքով վիճակը փոխվեց։ Երկրագործության և անասնապահության բուռն զարգացումը հնարավորություն տվեց ոչ միայն կերակրել մարդկանց, այլև սննդամթերք կուտակել։ Մարդն այժմ ավելի էր արտադրում, քան կարող էր սպառել։ Ճիշտ է, ավանդույթի ուժով առաջվա պես յուրաքանչյուրը պարտավոր էր իր ունեցածը կիսել իր տոհմակիցների հետ, սակայն դրանով փոքրանում էր շատ բերք ստանալու ձգտումը։ Հետագա զարգացման հետևանքով համայնքը բաժանվեց խոշոր գերդաստանների, որոնք ունեին իրենց սեփական տնտեսությունը։ Ստացված բերքն այլևս չէր հավաքվում ընդհանուր շտեմարանում, այլ հայտնվում էր գերդաստանի նահապետի տնօրինության ներքո։ Դրա արդյունքում բարձրացավ աշխատանքի արտադրողականությունը, ուժեղացավ մրցակցությունը գերդաստանների միջև՝ հանգեցնելով դրանց մի մասի հարստացմանը և մնացած մեծ մասի աղքատացմանը։ Հասարակությունը շերտավորվեց, ձևավորվեցին ունևոր և աղքատ խավերը։ Աստիճանաբար ուժեղացավ ցեղային ավագանին, որին հաջողվեց իր ձեռքում կուտակել համայնքի լավագույն հողերը, անասունների հոտերը և այլևայլ հարստություններ։ Այդ են ցույց տալիս ցեղապետերի և ավագների դամբարանների պեղումները, որոնք արտակարգ հարուստ են։ Պեղված նյութը ցույց է տալիս, որ հանգուցյալի հետ թաղում էին նաև բազմաթիվ իրեր, որոնցից նա պետք է օգտվեր հանդերձյալ կյանքում։ Դամբարաններում հանդիպում են ճոխ զարդարված կառքեր, թանկագին զենք ու զրահ, թանկարժեք իրեր, տերերի հետ մեկտեղ թաղված սպանված ստրուկների և ձիերի կմախքներ, որոնք պետք է շարունակեին ծառայել իրենց տերերին հանդերձյալ աշխարհում։ Հատկապես այս ամենը կարելի է տեսնել Արթիկի և Լճաշենի պեղածո նյութերում, որոնք ցուցադրված են Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Հակառակ դրան, ցեղերի շարքային անդամների գերեզմանները աղքատիկ են և մեծ մասամբ պարունակում են մեկ կամ մի քանի կճուճներ, բրոնզե դանակներ և հասարակ զարդեր։
Հասարակական զարգացման հետևանքով Հայկական լեռնաշխարհում հանդես են գալիս ցեղային միությունները։ Լայն ծավալ են ստանում միջցեղային և ցեղային միությունների միջև կռիվները, որոնց նպատակն էր օտարներին կողոպտելը, նրանց անասուններին ու բերքին և անգամ հողերին տիրանալը։ Սկզբնական շրջանում կռիվներին մասնակցում էին ցեղի բոլոր չափահաս տղամարդիկ, սակայն շուտով պատերազմելը նրանց մի մասի համար դարձավ զբաղմունք՝ ծնելով ռազմիկների ջոկատներ։ Արյունալի և հաճախ կրկնվող պատերազմները ստիպում էին ցեղերին պաշտպանվելու համար հսկայական քարերից ամրություններ կառուցել, որոնք ընդունված է կիկլոպյան ամրոցներ անվանել։
Ձևավորվում են պետական առաջին կազմավորումները։ Ավելի ուշ հանդես է գալիս պետությունը՝ որպես բռնության գործիք իշխանավորների ձեռքին։ Ք.ա. III հազարամյակում ծնունդ են առնում առաջին պետական կազմավորումները, ստեղծվում կառավարման մարմիններն իրենց ղեկավարներով։ Դրանք էին թագավորը, հոգևոր առաջնորդը, զորահրամանատարը և այլ պաշտոնյաներ։ Սկզբում թագավորի իշխանությունը սահմանափակված էր ավագների խորհրդով։ Աստիճանաբար նրա իշխանությունը դառնում է գրեթե անսահմանափակ։ Նրա հրամանները ստանում են օրենքի ուժ՝ ապահովելով կարգն ու կանոնը երկրում։