Նախնադարյան մարդու հավատալիքները իրենց արտացոլումը գտան նոր ձևավորվող արվեստի մեջ։ Մեզ են հասել քարից ու կավից, մետաղից ու եղջյուրից կամ ոսկրից պատրաստված մեծ ու փոքր արձաններ ու ժայռապատկերներ։ Մեծ ճաշակով ու արվեստով են արված Գեղամա լեռների ու Սյունիքի ժայռապատկերները։ Դրանք պատկերում են տարբեր կենդանիների, մարդկանց, բույսերի, կռվի ու որսի տեսարաններ և երկնային մարմիններ (արև, լուսին)։
Նախնադարյան մարդն առաջին քայլերն արեց ժամանակը չափելու ուղղությամբ։ Սկզբում նա հաշվեց օրերի այն քանակը, որի ընթացքում լուսնի մահիկը, անընդհատ մեծանալով, վերածվում էր լիալուսնի և վերադառնում իր սկզբնական վիճակին։ Այսպես ծագեց լուսնային ամսվա գաղափարը։ Հնարավոր եղավ ժամանակը չափել ոչ միայն օրերով, այլև լուսնային ամիսներով։ Նախնադարյան մարդու համար շատ դժվար էր պարզել տարվա տևողությունը։ Սակայն մարդն անընդհատ զարգանում էր ու առաջադիմում։ Հետևելով եղանակային փոփոխություններին՝ նա իր համար մեծ հայտնագործություն արեց, որ գարնանից մինչև հաջորդ գարուն, բերքահավաքից մինչև հաջորդ բերքահավաք մոտավորապես նույն քանակությամբ օրեր են անցնում։ Հետևելով երկնակամարում որոշ աստղերի շարժմանը՝ Հին Եգիպտոսում առաջինը պարզեցին, որ տարին բաղկացած է 365 օրից, որով փաստորեն սկիզբ առավ շարժական տոմարը։ Առկա նյութը ցույց է տալիս, որ Հայկական լեռնաշխարհի բնակչությունը հավանաբար Ք.ա. III հազարամյակից հիանալի պատկերացում ուներ արեգակնային տարվա մասին։