Ք.ա. VII դարի վերջերին Վանի թագավորությունը խիստ թուլացավ: Դրան մեծապես նպաստեցին Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակությունները: Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի թագավորությունը: Հայոց ավանդական պատմության համաձայն՝ նա Հայկ Նահապետի սերունդներից էր: Հավանաբար նրա թագավորությունը միավորում էր մեր պատմական հայրենիքի հարավային և հարավ-արևելյան շրջանները: Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին: Կամենալով Պարույրին իրենց կողմը գրավել՝ թե' Ասորեստանի և թե' Մարաստանի թագավորները նրան թագ են խոստանում: Որոշ տատանումներից հետո նա ամբողջությամբ անցավ Ասորեստանի հակառակորդների կողմը: Նա մարական թագավորից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին մասնակցելու համար: Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ Պատմահայրը, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է. «Ահա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում»: Անկախ հայկական պետականության մեծ ջատագով Պատմահայրը, որն իր երկը ստեղծում էր մարզպանության շրջանում, գրում է. «Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ... աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգներից խուսափած լինեի»: